Երկրորդ փուլի անցկացումն անհրաժեշտ էր, քանի որ մեկ ամիս առաջ կայացած առաջին փուլում՝ հոկտեմբերի 28-ին, 25 թեկնածուներից ոչ մեկը չկարողացավ ավելի քան 50 տոկոս ձայն ստանալ, որն ըստ սահմանադրության ընտրություններում հաղթանակ է ապահովում:
Այժմ երկրի բնակիչները կընտրեն երկու թեկնածուի, ովքեր առաջին փուլում գրեթե նույն արդյունքներն էին ունեցել: Երկրորդ փուլում հաղթանակի համար անհրաժեշտ է ձայների պարզ մեծամասնությունը:
«Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորումը կանխատեսում է իր թեկնածուի՝ «Միասնական ազգային շարժման» ներկայացուցիչ Գրիգոլ Վաշաձեի հաղթանակը: Իշխող կուսակցության հակառակորդները համոզված են, որ Վաշաձեի հաղթանակը Վրաստանում լայնածավալ քաղաքական փոփոխությունների սկիզբ կդնի: «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը նույնպես պատրաստվում է վճռական փուլին եւ իշխող կուսակցության աջակցությունը վայելող, անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի հաղթանակին:
Առաջին փուլում Զուրաբիշվիլին ստացել էր 38,64 տոկոս ձայն, իսկ Վաշաձեն՝ 37,74 տոկոս:
Ներկայիս նախագահական ընտրությունները պատմական են անվանում: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը երկրի անկախության վերականգնումից հետո՝ 25 տարի անց, առաջին անգամ է անցկացվում:
Մրցակիցների հնարավորությունները գրեթե հավասար են, ինչը հազվագյուտ դեպք է հետխորհրդային երկրների համար: Այս ֆոնին ընտրություններից մի քանի շաբաթ առաջ նախագահական պայքարը դարձել է ավելի կատաղի:





























