«Ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի ղեկավար, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը. խոսելով Կոնգրեսի հետագա անելիքների մասին,մասնավորապես  հայտարարել է.«Մեր երկրում իրավիճակը կրիտիկական է եւ Կոնգրեսը դա շատ լավ գիտակցում է: Մենք նախաձեռնել ենք զանգվածային միջոցառումների մի շարք (դրանց մասին մեր հասարակությունը կտեղեկանա այսօր կայանալիք հանրահավաքում), որոնց նպատակը` մեր երկրում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է: Այսինքն` ժողովրդական լայն զանգվածների ճնշման արդյունքում այս վարչախմբին պետք է պարտադրենք, հարկադրենք գնալ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների: Սա է Հայաստանի Հանրապետության միակ փրկությունը:

Գաղտնիք չէ, որ այսօր երկիրը գտնվում է քաղաքական ու տնտեսական խորը ճգնաժամի մեջ: Վտանգված է ոչ միայն Ղարաբաղի, այլեւ բուն Հայաստանի գոյությունը: Չեմ ուզում գույները խտացնել, բայց միայն 2010թ. ընթացքում արտագաղթածների թիվը մեր փոքրիկ երկրի համար մահացու վտանգավոր է: Որպես նախկին զինվորական դատախազ` կարող եմ վկայակոչել, որ 1997-98թթ. յուրաքանչյուր զորակոչի ընթացքում բանակ էին զորակոչվում 13000-13500 պատանի:

Մինչդեռ անցած 2010թ. աշնանային զորակոչի ընթացքում դժվարությամբ զորակոչվել է մոտավորապես 7500 նորակոչիկ: 2011թ. գարնանային զորակոչի ցուցանիշները ավելի անհանգստացող են լինելու. չենք ունենալու ավարտական դասարաններ, ԲՈՒՀ-երն ավարտած ուսանողներ: ՀԱԿ-ի խնդիրն է այս դժվարին վիճակից Հայաստան պետությունը դուրս բերել հնարավորինս առանց մեծ կորուստների: Այս խնդրում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի անելիք ունի: Մենք ակնկալում ենք մեր ժողովրդի լայն զանգվածների աջակցությունը, մենք դեմ չենք լինի նաեւ այն քաղաքական ուժերի աջակցությանը, որոնք կմիանան մեզ այս խնդրի լուծման գործում»: