Ամերիկացի միլիարդատեր, National Instruments ընկերության համահիմնադիր Ջեյմս Թրուշարդը շատ է լսել Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության մասին, սակայն միայն այժմ՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր այցելելուց հետո, գիտակցում է կատարվածի ողջ սարսափը: Այս մասին նա ասաց  լրագրողների հետ զրույցում:

Նա նշեց, որ աշխատել է հայերի հետ եւ ժամանակ առ ժամանակ նրանցից լսել  Ցեղասպանության  մասին: Ավելին՝ նա ճանաչել է մի մարդու, որի պապիկը Ցեղասպանության ժամանակ ստիպված է եղել ԱՄՆ փախչել:

«Ես լսել էի Ցեղասպանության մասին, բայց այժմ սեփական աչքերով տեսա այն բոլոր ապացույցները, այն ողջ սարսափը, որը կատարվել է, բայց չպետք է կատարվեր: Պետք է այնպես անել, որ ապագայում երբեք նման բան տեղի չունենա», - նշեց Թրուշարդը:

«Արձագանքների գրքում ես գրեցի, որ պետք է պայքարել մարդու նկատմամբ մարդու անմարդկային վերաբերմունքի դեմ»:

Ջեյմս Ջոզեֆ Թրուշարդը ամերիկացի միլիարդատեր է, ինժեներ էլեկտրիկ եւ գործարար, National Instruments ընկերության համահիմնադիրներից մեկը, որը ավտոմատ թեստային սարքավորումներ եւ ծրագրային ապահովում է արտադրում վիրտուալ գործիքակազմի համար եւ որը նաեւ գրասենյակ ունի Հայաստանում:

Այս տարի Թրուշարդը Հայաստանում ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար դարձել է պետական մրցանակի դափնեկիր: