ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը թերթի հետ հարցազրույցում կանխատեսումներ է անում առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների մասին: «Իմ գնահատականով` նորանկախ Հայաստանի առաջին, մասամբ երկրորդ եւ երրորդ նախագահների բացահայտ, քողարկված կամ միջնորդավորված մրցակցությունը կարող է դառնալ 2012-ի խորհրդարանական ընտրությունների առանցքը, եւ այն քաղաքական ուժը կամ ուժերը, որոնք վճռական դերակատարություն կստանձնեն ապագա խորհրդարանում, թերեւս հենց նրանց թեկնածուն էլ առավել մեծ շանսեր կունենա հաղթելու 2013-ի նախագահական ընտրություններում: Եւ քանի որ 2005 թ. Սահմանադրական փոփոխությունների արդյունքում իշխանությունը  գերազանցապես կոնցենտրացվել է պառլամենտում, ապա քաղաքական ճակատամարտերի, լարվածության եւ դիմակայության առումով 2012 թ. խորհրդարանական կամպանիան կլինի աննախադեպ:

Ընդհանրապես Հայաստանի քաղաքական համակարգի անկատարության պայմաններում ցանկացած կարծր դիմակայություն հիմնվում է պետության համար անհեռանկարային եւ փակուղային «ընդդեմ» սկզբունքի վրա, եւ այդ պայմաններում երկրի զարգացման եւ ապագային միտված ծրագրային մոտեցումների եւ հայեցակարգերի վերաբերյալ գաղափարական մրցակցությունը ստորադասվում է անձնավորված դիմակայությանը: Եւ քանի որ Հայաստանի առաջին, երկրրորդ եւ երրորդ նախագահներն իրենց հետեւում ունեն աջակից ֆինանսատնտեսական շրջանակների, կուսակցությունների եւ «կարգավիճակով մտավորականների»  ամբողջական փնջեր, Հայաստանում առաջ է եկել անձնավորված դիմակայության մի ներփակ համակարգ, որի «սուր անկյունների» ազդեցությամբ երկրի քաղաքական դաշտը հայտնվել է մի յուրահատուկ «բերմուդյան եռանկյունու» արանքում»: