Հայաստանի գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործը` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ:
Դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության եւ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանը պահանջել եւ ապօրինի ստացել է վարձատրություն:
Մասնավորապես` Տ. Փոստանջյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող, ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու, օրենքով սահմանված կարգով այն չդադարեցնելու, կանխարգելելու ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու, այդ մասին իրավասու մարմիններին չհայտնելու համար Հ. Ս.-ից 2010թ. սեպտեմբերին պահանջել եւ ստացել է 100 000 դրամ վարձատրություն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311/1-րդ հոդված 1-ին մասով:





























