Վերաքննիչ քրեական քրեական դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց անփոփոխ թողնել քաղբանտարկյալ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանից պահանջում էր բեկանել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2010թ.  նոյեմբերի 19-ի վճիռը, որով դատարանը հրաժարվել էր անվավեր ճանաչել Փաշինյանի պատժաչափը 3 տարի, 10 ամիս, 29 օր սահմանելու մասին որոշումը: Փաշինյանը եւ նրա փաստաբանները համոզված են, որ պատժաչափը սխալ է հաշվարկված, եւ այդ սխալ հաշվարկի հետեւանքով Նիկոլ Փաշինյանը շուրջ 5 ամիս ավելի է մնալու բանտում:

Ինչպես «Արթիկ» ՔԿՀ-ից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, Նիկոլ Փաշինյանը նախքան վճռի հրապարակումը ելույթ ունեցավ եւ նշեց, թե չի հավատում հայաստանյան արդարադատությանը, եւ չի ակնկալում, որ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանը ճիշտ վճիռ կկայացնի: Եվա Դարբինյանը խորհրդակցական սենյակից վերադառնալով անփոփոխ թողեց ընդհանուր իրավասության դատարանի վճիռը:

Այսօր կայացած նիստում նաեւ  համազգեստով մարդիկ դռան մոտից նկարել են դատարանի դահլիճ ժամանած անձանց: «Արթիկ» ՔԿՀ աշխատակիցները նաեւ խոչընդոտել են ԳԱԼԱ հեռուստաընկերության աշխատանքը, եւ միայն դատավոր Եվա Դարբինյանի միջամտությունից հետո թույլատրվել է հեռուստաընկերության նկարահանումներ իրականացնել: