Հայ ազգային կոնգրեսի այսօր տեղի ունենալիք հանրահավաքը բացառիկ է լինելու. այն հերթականնների շարքին դժվար կլինի դասել։ Փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը։
Հարցին, թե հատկապես ինչո՞վ է բացառիկ լինելու այսօր կայանալիք հանրահավաքը, նա պատասխանեց. «Բացառիկությունը կայանում է նրանում, որ երկրում ստեղծվել է մի ծայրահեղ իրավիճակ, երբ հասարակությունը չի ցանկանում այսպես ապրել, իսկ իշխանությունը ի վիճակի չէ այլկերպ կառավարելու»,- բացատրեց Սարգսյանը։
NEWS.am-ի խնդրանքին՝ ճշգրտել, թե ի՞նչ կոնկրետ հարցեր են բարձրացվելու այսօր կայանալիք հանրահավաքի ժամանակ, Լուդմիլա Սարգսյանը նշեց, որ ՀԱԿ-ն իր այս հավաքում խոսելու է առավելապես «ամենաընչազուրկ, հացի խնդիր ունեցող խավի խնդիրների մասին»:
Նշենք, որ ՀԱԿ հանրահավաքը այսօր՝ փետրվար 18-ի տեղի կունենա Մատենադարանի հարող տարածքում՝ ժամը 17։00-ին։





























