Հայաստանում պարենային ապրանքների միջին գները գրեթե 1,5 անգամ գերազանցում են եվրոպական մայրաքաղաների գներին։ Այսօր՝ փետրվարի 18-ին կայացած ասուլիսում նման տեսակետ հայտնեց Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Այսպես՝ գերմանական սուպերմարկետներում կարելի է կարտոֆիլ, սոխ կամ այլ բանջարեղեն ձեռք բերել շատ ավելի էժան, քան՝ Երեւանում։ Խմելու ջրի 1 լիտրը, որ Երեւանում վաճառվում է 200-220 դրամով, Եվրոպայում ընդամենը 20 սենթ է (մոտ 75 դրամ)։

Ըստ Ասատրյանի՝ Գերմանիայում տարեկան գնաճը 1,5 տոկոս է, իսկ դրա ազդեցությունը սոցիալական իրավիճակի վրա՝ շատ մեղմ։ Եւ ընդհանրապես՝ Եվրոպայում ամենաբարձր գնաճը Հունաստանում է՝ մոտ 3,5 տոկոս։ Իսկ Հայաստանում հունվարի դրությամբ 12-ամսյա գնաճը գերազանցել է 10 տոկոսը։

Հայաստանում գնաճի բարձր մակարդակի պատճառը, ըստ Ասատրյանի, իշխանությունների ապաշնորհ քաղաքականությունն է։ Օրինակ՝ նա ուշացած է համարում վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը, որը պետք էր անել անցյալ տարի։ Իսկ Կենտրոնական բանկը՝  «պահուստներից 150 մլն դոլար է լցրել շուկա, բայց դա անելու բան չի»։

ԿԲ նախկին նախագահը չի կիսում ԿԲ ներկա պաշտոնյաների այն հայտարարությունները, ըստ որի տարեվերջին գնաճը կիջնի մինչեւ 5-5,5 տոկոս։

Նրա կարծիքով՝ գնաճը կլինի 9-9,5 տոկոսի սահմաններում։