Իշխանությունն իր առջեւ իշխանությունը պահելու խնդիր է դրել, հակառակ դրան՝ Հայ ազգային կոնգրեսը ոչ մի պորտֆելի չի հավակնում. առ այսօր կառույցի շարքերում նման խոսակցություններ չեն եղել։ Փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ընդգծեց ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը։

«Եթե ՀԱԿ-ի շարքերում նման հարցեր քննարկվեին, դրանք հայտնի դարձած կլինեին շատ վաղուց»,-հիմնավորեց նա։

Անդրադառնալով Հայաստանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացման հարցին՝ Լյուդմիլա Սարգսյանը նկատեց, որ ՀԱԿ-ի այս նպատակը շարունակում է առաջնային մնալ։ «Եթե հաջողվի երկրում արտահերթ ընտրություններ անցկացնել անգամ հերթականներից 5-6 ամիս առաջ, ուրեմն մեր ծրագիրը կարելի է հաջողված համարել»,- նկատեց նա։

«2008-ին հայ ժողովրդի համար աննախադեպ հնարավորություն էր ստեղծվել ազատ եւ արդար ընտրությունների արդյունքում լեգիտիմ իշխանություն ձեւավորել, սակայն այդ ընտրությունները բիրտ կերպով՝ ծեծով ու ջարդով կեղծվեցին, ինչի արդյունքում ունեցանք մեր նորագույն պատմության ամենարյունոտ էջը՝ մարտի 1-ը»,- ասաց նա։

ՍԴՀԿ առաջնորդի խոսքով, Սերժ Սարգսյանի կառավարման երեք տարիների ընթացքում երկրում ստեղծված ծանր քաղաքական եւ սոցիալ-տնտեսական իրավիճակը մարդկանց ստիպում է արտագաղթել, սեփական բիզնեսի մի մասը տեղափոխել Վրաստան եւ այլն։ «Այս պայմաններում մարդիկ չեն հավատում ոչ ոքի՝ անգամ բանակին, որը, կոչված լինելով պաշտպանել սեփական ժողովրդին, մարտի 1-ին կրակեց այդ նույն ժողովրդի վրա։ Իշխանություններին չվստահելը մի օր մարդկանց կստիպի ոտքի կանգնել»,- համոզմունք հայտնեց Սարգսյանը։

Նշենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անհրաժեշտության մասին ՀԱԿ-ը բարձրաձայնել էր դեռեւս 2010 թվականի ամռանից։