Երեւանի եւ Դամասկոսի միջեւ փոխգործակցության ընդլայնման հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ ՀՀ-ում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Աբդուլ Համիդ Սալլումի հետ հանդիպման ժամանակ:

Կողմերը հստակեցրել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրերը:

Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը երկու երկրների քաղաքների միջեւ գործընկերային կապերի էլ ավելի ամրապնդումն ուղղակի անհրաժեշտություն է համարել:

Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ այսուհետ Երեւանի քաղաքապետարանի  եւ ՀՀ-ում Սիրիայի դեսպանատան համատեղ աշխատանքները ծրագրային ընթացք կստանան: Աբդուլ Համիդ Սալլումը քաղաքապետին է փոխանցել նրան ուղղված Դամասկոսի նահանգապետի պաշտոնական հրավերը:

Կարեւորելով փոխադարձ այցելությունների անհրաժետությունը, Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ դրանք պետք է ծավալվեն գործնական  հստակ թեմաների շուրջ, ինչն իր հերթին կնպաստի մի շարք ոլորտներում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: