Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման շնորհիվ ոչ միայն կբարձրանան քաղաքացիների կենսաթոշակները, այլեւ կկրճատվի ստվերային տնտեսությունը։ Այսօր՝ փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի փորձագետ Հայկ Ոսկանյանը։
Նշենք, որ կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում 2011թ. ապրիլից Հայաստանում կներդրվի կամավոր կուտակային համակարգը, իսկ 2014թ. հունվարի 1-ից` պարտադիր կուտակային համակարգը:
Կամավոր կենսաթոշակային համակարգի դեպքում գործելու է երեք սխեմա` կենսաթոշակային հիմնադրամներ, բանկերի կողմից առաջարկվող կուտակային կենսաթոշակային ավանդներ եւ ապահովագրական ընկերություններ:
Այն քաղաքացիները, ովքեր ծնվել են 1974թ. հունվարի 1-ից հետո, 2014 թ. պարտադիր հիմունքներով անցնելու են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, իսկ մինչեւ 1974թ. հունվարի 1-ը ծնված անձինք համակարգին կարող են միանալ կամավորության սկզբունքով: Որեւէ տարիքային սահմանափակում այս առումով գոյություն չունի:




























