Հադրութի զորամասերից մեկում մահացած 18-ամյա Սամվել Խաչատրյանի գործով մեղադրանք է առաջադրվել եւս 3 զինծառայողների, այսպիսով գործով անցնողների թիվը հասել է 10-ի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը: Նա նշեց որ նրանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՔՕ 259 հոդվածի 1-ին (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 360 հոդվածի 1-ին մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը):  

Պաշտպանության նախարարությունից նաեւ տեղեկացրին, որ Սամվել Խաչատրյանի մահվան վերաբերյալ նախաքննական մարմնի կողմից առաջ քաշած պաշտոնական վարկածն այն է, որ կասկածյալներն իրենց արարքներով երիտասարդին հասցրել են ինքնասպանության: Միչդեռ Սամվել Խաչատրյանի հարազատները պնդում են, որ չեն հավատում այդ վարկածին, քանի որ իրենց հասած տեղեկությունները հիմք են տալիս պնդել, որ իրենց որդուն սպանել են. ծեծել, խոշտանգել են, ու իրենց մեղքը ծածկելու համար կախել են:

 Հիշեցնենք, որ  Հադրութի զորամասերից մեկում հոկտեմբերի 3-ին մահացած շարքային զինծառայող Սամվել Խաչատրյանի մահվան գործով ձերբակալվել են մարտկոցի հրամանատարը, պարտադիր ժամկետային ծառայող 3 սերժանտ եւ 6 շարքային զինծառայող:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր պաշտպանության նախարարությունը, քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ բռնություններ են գործադրել Սամվել Խաչատրյանի նկատմամբ, հայհոյանքներով ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը: Խաչատրյանի դին 2010 թվականի հոկտեմբերի 3-ին կախված վիճակում հայտնաբերվել էր զորամասի նկուղում:
Զոհված զինծառայողի մայրը նոյեմբերին հանդիպել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին եւ այժմ եւս մեկ հանդիպում է խնդրում նրանից: