Ինձ համար Սպիտակի երկրաշարժի տարելիցին այստեղ գալը պատվի հարց էր։ Այս մասին ողբերգական իրադարձությունների տարելիցի նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ Պետդումայի գիտության եւ կրթության հանձնաժողովի փոխնախագահ, վաստակավոր բժիշկ, ակադեմիկոս Գենադի Օնիշչենկոն։ Հիշեցնենք, ու Հայաստանի համար սարսափելի այն օրերին Գենադի Գրիգորեւիչը ղեկավարել է հակահամաճարակային միջոցառումները։
Նա պատմեց 30 տարվա վաղեմության իր հիշողությունների մասին։ «Երկրաշարժից մի քանի ժամ հետո այստեղ ժամանեց բժիշկներով ինքնաթիռը։ Առաջինն, ինչի հետ բախվեցին գործընկերներս, ոչ սովորական վնասվածքներն էին՝ ճզմված հյուսվածքները։ Հենց բարձրացվում էր այն, ինչը ճզմում էր, մարդը մահանում էր աուտոինտոքսիկացիայից։ Բժիշկները շտապ վերասովորում էին, որպեսզի գնահատելով իրավիճակը՝ տեղում անդամահատում կատարեին։ Այլ կերպ հնարավոր չէր։ Դիալիզի դեղամիջոցների հսկայական պահանջարկ կար։ Այն ժամանակ դրանք այսքան շատ չէին։ Ընդգրկվեց նաեւ միջազգային հասարակայնությունը, արտասահմանից մատակարարումներ եղան, ծանր հիվանդներին մոսկովյան հիվանդանոցներն իրենց մոտ էին վերցնում, մանավանդ որ տուժածների մեծ թվաքանակի պատճառով Հայաստանի առողջապահությունը գլուխ չէր հանում»,- պատմեց Օնիշչենկոն։
Հետո առաջ եկավ օթեւանի խնդիրը, նույնիսկ կատակում էին, թե Լենինականն ավերվել է, մնացել է Ալեքսանդրոպոլը, այսինքն պահպանվել են միայն ցարական ժամանակաշրջանի կառույցները։ Համաճարակի սպառնալիք առաջացավ, առաջին հերթին՝ բացառված չէր ժանտախտի հնարավորությունը, քանի որ Սպիտակը տեղակայված է ժանտախտի բնական օջախում, իսկ երկրաշարժերի ժամանակ այն ակտիվանում է։ «Որոշվեց այնտեղ ուղարկել հատուկ հակահամաճարակային բրիգադներ, որոնք կարող էին առանձին աշխատել։ Առաջինը եկան Սարատովի ինստիտուտի մասնագետները։ Նրանք եկան ուշ գիշերին, տեղավորվեցին Սպիտակի մարզադաշտում»,- շարունակեց Գենադի Գրիգորեւիչը։ Նրա խոսքերով՝ քանի որ մեծ թվով զոհեր կային, ճանապարհների երկայնքով դագաղներ էին դրված։ «Սպիտակում ամբողջովին եւ Գյումրիում մասնավորապես ավերվել էին համապատասխան հակահամաճարակային կառույցները։ Պետք էր նրանց օգնել վերականգնել աշխատանքը։ Եւ պետք էր հասկանալ, որ բոլոր աշխատողները քաղաքների բնակիչներ էին եւ սթրեսի մեջ էին, կորցրել էին ընտանիքի անդամներին եւ տները, եւ անգործունակ էին»,- նշեց Օնիշչենկոն։
Բարեբախտաբար, նշեց նա, համաճարակ չեղավ։ «Բայց հոգեբանական տրավման, որ ստացել էին Հայաստանի բնակիչները, անմոռանալի է։ Ինձ մոտ տրավման մինչեւ հիմա մնացել է։ Թեեւ դրանից հետո ես ունեցել եմ Ֆերգանան եւ չեչենական իրադարձությունները, սակայն Սպիտակի երկրաշարժը շատ ծանր փորձություն էր ինձ համար»,- ընդգծեց նա։
Հետագայում նա բազմիցս եկել է Հայաստան, եղել է Ղարաբաղում։ «1989թ․ մեկ անգամ էլ եմ եկել այստեղ, որպեսզի Արցախում, որտեղ կրկին սրվել էր իրավիճակը, զբաղվեմ հեպատիտի բռնկումով։ Հետագայում բազմիցս Հայաստան եմ եկել։ Սակայն ինչ պատճառով էլ գամ, ձգտում եմ լինել Սպիտակում, հանդիպել այն մարդկանց, ում հետ աշխատել եմ։ Այդ իրադարձության հուշը մնում է»,- նշեց Գենադի Գրիգորեւիչը։
Վաղը նա կմասնակցի հիշատակի արարողություններին եւ ծաղկեպսակ կդնի ՌԴ Պետդումայի կողմից։




























