ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը պե՞տք է մասնակցի Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքներին, թե ոչ՝ դժվար է ասել. ինչ էլ լինի, պարտություն գրանցվելու է բոլոր դեպքերում՝ եւ մասնակցության եւ բոյկոտի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը։

«ԵԽԽՎ Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի ստեղծումն արդեն իսկ պարտություն է։ Այդ կառույցում հայկական պատվիրակությունը պետք է աներ ամեն բան, որպեսզի վերոնշյալ ենթահանձնաժողովը չվերսկսեր իր աշխատանքները։ Մինչդեռ այն, մոռանալով իր հիմնական գործառույթները, աշխատում էր միայն  մարտի 1-ի դեպքերը եւ քաղբանտարկյալների առկայությունը կոծկելու ուղղությամբ»,- նշեց ՍԴՀԿ առաջնորդը։

Հարցին, թե որքա՞ն մեծ է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից ղարաբաղյան հարցի դուրսբերման հավանականությունը, Լյուդմիլա Սարգսյանы պատասխանեց. «Դա իրատեսական չեմ համարում, որովհետեւ եթե ձեւաչափը փոխվի, ապա ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակն անվերահսկելի կդառնա։ Որքան էլ Ադրբեջանը նման ցանկություն ունենա, միջազգային հանրությունը եւ Հայաստանը կանեն ամեն բան, որպեսզի խափանեն նման զարգացումները։ Միգուցե բանակցային գործընթացի առաջմղման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խումբն այնքան էլ լավ չի աշխատում, սակայն այդ կառույցը լրջագույն դերակատարություն ունի խաղաղության պահպանման հարցում»,- ամփոփեց ՍԴՀԿ ղեկավարը։

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, հունվարի 28-ին ԵԽԽՎ Բյուրոն նիստ է գումարել եւ Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի վերստեղծման որոշում է կայացրել: Որոշմանը դեմ են եղել միայն Հայաստանի ներկայացուցիչները, իսկ մյուս երկրները կողմ են քվեարկել նախաձեռնությանը: Ենթահանձնաժողովի նախագահ է ընտրվել Իսպանիայի ներկայացուցիչ, կատալոնացի Խուգլա ի Կոստան: