«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ձվից թունավորման դեպքերով մարդիկ չեն տեղափոխվել. լուրերն այն մասին, որ հանրապետությունում նման դեպքեր են գրանցվել, իրականությանը չեն համապատասխնում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, հանրապետության  գլխավոր վարակաբան Արա Ասոյանը։

«Չեմ հասկանում՝ այդ աղմուկը որտեղի՞ց է բարձրացել։ Եթե հին ձվից թունավորման դեպքեր գրանցվեին, առաջինը ես կբարձրաձայնեի դրա մասին։ Նման բան իրականում չկա»,- հավաստիացրեց Ասոյանը։

Նշենք, որ Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն օրերս տված մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ որ ձվից թունավորման դեպքերի վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր է ստացել Կոտայքի մարզից, Երևանի Էրեբունի, Հարավ-Արևելյան թաղամասից, Ներքին Չարբախի շրջաններից: Նրա կարծիքով՝ պատճառը ոչ միայն ձվերի ժամկետանց լինելն է, այլ նաեւ ներմուծվող ձվերի անորակությունը։

Հայաստանը ձու ներկրում է Բուլղարիայից, Իրանից, Ռուսաստանից եւ մի շարք այլ երկրներից։