Քաղաքականության, տնտեսության, կրթության ոլորտներում բարեփոխումների պահանջով փետրվարի 18-ին խաղաղ ցույցեր են անցկացվել Օմանի Սուլթանությունում: Այս մասին այսօր հայտնում է արաբական եւ օմանական մամուլը:

«Օման» թերթի տեղեկացմամբ` հարյուրավոր մարդիկ, այդ թվում` կանայք, ուրբաթ հավաքվել են մայրաքաղաք Մասկատի նախարարությունների շենքերի տարածքում  եւ խաղաղ «Կանաչ» քայլերթ են կազմակերպել:

Ցուցարարներն իրենց պաստառներով աջակցություն են հայտնել սուլթան Քաբուսին եւ կոչ արել բարեփոխումներ իրականացնել կոռուպցիայի դեմ պայքարի, գների աճի նկատմամբ վերահսկողության, սպառողների շահերի պաշտպանության, կրթական համակարգի կատարելագործման ուղղությամբ, ինչպես նաեւ ընդլայնել խորհրդատվական խորհրդի իրավասությունները: 

Ըստ մամուլի հրապարակումների`«ոստիկանությունը հետեւում էր իրավիճակին եւ ցուցարարների հետ բախման մեջ չէր մտնում»: Քայլերթի ընթացքում առաջ քաշված պահանջները կփոխանցվեն սուլթան Քաբուսին: Հրապարակումներում չեն նշվում սակայն քայլերթի կազմակերպիչների անունները, միայն ասվում է, որ հիմնականում մասնակցում էր երիտասարդությունը: