Շիրակի մարզի վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդները մտադիր են դիմել Վրաստանի իշխանություններին եւ քաղաքացիություն խնդրել, եթե Հայաստանի պատկան մարմինները հրաժարվեն կատարել իրենց պահանջները: Այդ մասին ասված է նրանց հայտարարության մեջ:
«Մենք` Շիրակի մարզի` վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների վարորդներս, 2011 թվի փետրվարի 5-ից ուժի մեջ մտած ավտոմեքենաների ժամանակավոր ներկրման ռեժիմի սահմանափակման եւ այդպիսով վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաների՝ Հայաստանում ազատ տեղաշարժման սահմանափակման դեմ բողոքովեւ առաջարկներով դիմել էինք ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, Շիրակի մարզից թվով 9 պատգամավորներին, Գյումրու քաղաքապետին, ավագանու բոլոր անդամներին, Ոստիկանության մարզային վարչության պետին եւ Շիրակի մարզպետին»,- նշել են վարորդները եւ հայտնել, որ անցած 10 օրերի ընթացքում այդպես էլ չեն ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները. «Մենք այս անտարբերությունը գնահատում ենք որպես արհամարհանք սեփական քաղաքացիների նկատմամբ»:
Վարորդները նաեւ խստորեն դատապարտել են Շիրակի եւ Լոռու ոստիկանների եւ նրանց հրաման տվողների արարքները եւ նշել, թե վճռական եւ չեն ընկրկելու: «Մենք դատապարտոմ ենք նաեւ ՀՀ իշխանությունների՝ մաքսազերծման պահանջների անակնկալ եւ դիտավորյալ խստացման դեմ մեր բողոքների նկատմամբ անտարբերությունը։ Հասկացեք վերջապես, մենք չունենք այդ առասպելական գումարները (համարյա մեր ավտոմեքենաների գնի չափ), որ վճարենք պետական բյուջե ու մաքսազերծենք այս մեքենաները, մենք քաղաքական ակտիվիստներ չենք, եւ դուք ձեր անհեռատես մաքսային քաղաքականությամբ, անտարբերությամբ ու հալածանքներով է, որ ստիպում եք մեզ փողոց դուրս գալ ու պայքարել տարրական կենսական ապահովության համար: Մենք Հայաստանի իշխանություններից պահանջում եւ ակնկալում ենք այս հարցի լուծման շուտափույթ արձագանք եւ կոնկրետ միջոցառումներ: Պատրաստ ենք փողոցից ներս գալ եւ մասնակցել բանակցությունների՝ ցանկացած ձեւաչափով»,- ասված է հայտարարության մեջ:
«Մեր պարտքն է տեղեկացնել, որ պատշաճ արձագանք չունենալը մեզ համար նշանակում է այլընտրանքի բացակայություն: Այդ դեպքում դիմելու ենք ծայրահեղ միջոցների, այդ թվում` մեր մեքենաների ազատ անցուդարձը Հայաստան ապահովելու համար դիմելու ենք Վրաստանի իշխանություններին, խնդրելու ենք մեզ Վրաստանի քաղաքացիություն շնորհել»,- նշել է վարորդները:





























