Տիգրան Կարապետյանի ղեկավարած «Ժողովրդական կուսակցությունը» փետրվարի 28-ին տեղի ունենալիք հանրահավաքում իշխանություններից պահանջելու է  արտահերթ ընտրություններ անցկացնել: Այդ մասին այսօր` փետրվարի 19-ին ընթացող ԺԿ երիտասարդական համաժողովում հայտարարել է Տիգրան Կարապետյանը`հավելելով, թե  այդ օրը միաժամանակյա հավաքներ տեղի կունենան չորս տարբեր համայնքներում:

Կարապետյանը  նշեց,  որ իշխանությունները մինչ օրս մասամբ են կատարել ԺԿ-ի կողմից փետրվարի 15-ին ներկայացրած վերջնագրի պահանջները: Նրա խոսքով, եթե մինչեւ հանրահավաքի օրը իշխանությունները չպատասխանեն վերջնագրին, ապա ԺԿ-ն կպահանջի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Կարապետյանը համոզված է, որ փետրվարի 28-ի հանրահավաքում լինելու է շուրջ հարյուր հազար մարդ:

«Ոչ թե բարեկամ-հարազատ, այլ իրենց ցանկությամբ ԺԿ-ին աջակցող մարդիկ են գալու»,-հայտարարեց նա:

Նկատենք, որ փետրվարի 15-ին ԺԿ-ի հրավիրած հանրահավաքին, ըստ ոստիկանության տվյալների, մասնակցում էր հազիվ 400-500 մարդ:

ԺԿ-ի վերջնագրում, նշենք, կան մի քանի կետեր: Ըստ այդմ, կուսակցությունը պահանջում է մասնավորապես ազատ արձակել  քաղբանտարկյալներին, երիտասարդներին առավել հարմար պայմաններով հիպոթեք տրամադրել, կատարելագործել բանկային համակարգը, կարգավորել փողոցային առեւտուրը: