Հայաստանում բրոնխիալ ասթմայի տարածվածության մասին վիճակագրական տվյալները խիստ հակասական են, քանի որ մասնագետին դիմում է հիվանդների միայն 1-2 տոկոսը, այնինչ 2004-2005 թվականներին մեր երկրում անցկացված մի հետազոտություն ցույց է տվել, որ բրոնխիալ ասթմայի ախտանիշներ ունի մինչեւ 18 տարեկան հայ երեխաների 6-7 տոկոսը։ Փետրվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման վիճակագրություն ներկայացրեց ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանը։
«Ընդ որում, բրոնխիալ ասթմայի նպաստող առաջին նախապայմանը հենց ալերգիան է։ Դեռ փոքր տարիքից ալերգիաների որոշ տեսակներ, գտնվելով վերին շնչուղիներում, աստիճանաբար իջնում են ներքեւ եւ ախտահարում բրոնխները։ Այդ է պատճառը, որ դեռ վաղ տարիքից ծնողները պետք է հետեւողական վերաբերմունք ցուցաբերեն ալերգիաների հակում ունեցող երեխաների հանդեպ»,- ասաց նա։
Բժշկի հավաստմամբ, վերոնշյալ հետազոտությունների արդյունքում պարզվել է նաեւ, որ մինչեւ 18 տարեկան երեխաների 10-15 տոկոսի մոտ ատոպիկ դերմատիտ է հայտնաբերվել, նույն ինքը՝ դիաթեզ կոչվածը։
Հարցին, թե վերջնականապես բուժվո՞ւմ են արդյոք ալերգիաները, Աստղիկ Բաղդասարյանը նշեց, որ դրանք առավելապես խրոնիկական բնույթ են կրում եւ բժշկի անընդհատ վերահսկողության կարիքն ունեն։ «Հակառակ դեպքում չեն բացառվում նաեւ մահվան ելքով դեպքերը»,- տեղեկացրեց ալերգոլոգը։





























