Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը չի առաջադրվի հաջորդ ընտրություններում: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Սուդանի իշխող կուսակցության՝ «Ազգային կոնգրեսի» բարձրաստիճան մի պաշտոնյայի:

Հաջորդ նախագահական ընտրությունները Սուդանում պետք է տեղի ունենան 2015-ին: Նախորդ ընտրությունների ժամանակ, որոնք կայացել են 2010-ի ապրիլին, Օմար ալ-Բաշիրը հաղթել է, հավաքելով ավելի քան 68 տոկոս ձայն: Ընդ որում, որոշ ընդդիմադիր կուսակցություններ բոյկոտել էին ընտրությունները եւ հայտարարել բազմաթիվ ընտրախախտումների մասին:

2011-ի հունվար-փետրվարին Սուդանում հակակառավարական բողոքի ակցիաներ տեղի ունեցան: Նրանց ոգեւորել է Եգիպտոսի եւ Թունիսի ընդդիմության հաջողությունը, սակայն Սուդանում բողոքի ցույցերն ավելի սակավամարդ են եղել եւ հեշտությամբ ոստիկանությունը ցրել է նրանց, հաղորդում է Lenta.ru-ն:

Աղբյուրները տեղեկացնում են, որ ալ-Բաշիրի  որոշումը կապված չէ բողոքի ակցիաների հետ, թեեւ կա նաեւ կարծիք, որ Սուդանի նախագահը մտավախություն ունի, որ արաբական աշխարհն ալեկոծած հուզումները կհասնեն նաեւ Սուդան: