Լիբիայի Բենգազի քաղաքում, ուր ընթանում են նախագահ Մուամար Քադաֆիի դեմ բողոքի ամենաակտիվ ցույցերը, բնակիչները ծայրահեղ բացասաբար են արձագանքել Քադաֆիի որդու՝ Սեյֆ ալ-Իսլամի ճառին, որում նա քաղաքացիներին նախազգուշացրել է հեռու մնալ հեղափոխությունից եւ խոստացել պայքարել իշխանությունը պահելու համար «մինչեւ վերջին փամփուշտը»:

Լիբիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքի հրապարակում հավաքված հազարավոր մարդիկ հակաիշխանական կարգախոսներ են վանկարկել եւ վեր բարձրացրած ձեռքերում կոշիկներ պահել՝ ի նշան իշխանություններին ուղղված արհամարհանքի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ժողովրդական հուզումները Լիբիայում շարունակվում են փետրվարի 15-ից։ Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտնում է ամենքիչը 233 զոհերի մասին։ Իշխանությունները պաշտոնապես հաստատել են 84 զոհերի մասին տեղեկատվությունը։ Նախօրեին բողոքի ակցիաները հասել են Լիբիայի մայրաքաղաք։