Երբ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը եւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հրաժարվում են գալ ու հանդիպել հավաքված վարորդների բազմությունը եւ «Ժառանգության» անդամների առջեւ փակում են քաղաքապետարանի դռները, նշանակում է, նրանք վախենալու բան ունեն։
Փետրվարի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը։
Նրա խոսքով, գյումրեցի վարորդների եւ «Ժառանգության» անդամների՝ Գյումրիում օրերս կազմակերպած երթը քաղաքապետարանի աշխատակիցներին ստիպել էր փակվել իրենց սենյակներում։
«Ոչ թե մեզ կամ վարորդներին էին պաշարել, այլ պաշարված վիճակում հայտնվել էին հենց իրենք։ Սա նշանակում է, որ ընդդիմադիր կուսակցությունը կարողացավ ուղղակիորեն անկյուն մղել մարզային իշխանություններին»,- նկատեց Սաֆարյանը։
Ասուլիսի մյուս բանախոս, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանն իր հերթին ավելացրեց, որ իրենք Գյումրի էին մեկնել ավելի կոպիտ խախտումներ թույլ չտալու համար։
Նշենք, որ Գյումրիի վրացական համարանիշներով մեքենաների վարորդները բողոքում են օրենսդրական նոր փոփոխությունների դեմ, որոնց համաձայն վրացական համարանիշերով ավտոմեքենաները Հայաստան կարող են մուտք գործել միայն մեկ անգամ՝ առավելագույնը 15-օրյա ժամկետով:
Ըստ վարորդների իրենց ստիպում են մաքսազերծել մեքենաները խայտառակ բարձր մաքսատուրքերով, իսկ իրենք ի վիճակի չեն վճարել այդ գումարները:





























