Երկրաշարժեր, ջրհեղեղներ, աղետներ: Ինդոնեզիան կարելի անվանել 2018 թվականի «ամենաձախողակ» երկրներից մեկը: Ամեն ինչ սկսվել էր անմիջապես հունվարի 1-ից: Կալիմանտան կղզու մոտ խորտակվել էր 48 ուղեւորով նավը: Զոհվել էր 8 մարդ:
Հունվարի 15-ին փլուզվել էր Ինդոնեզիայի ֆոնդային բորսայի շենքի վերին հարկը: Տուժել էր 77 մարդուց ոչ պակասը:
Հունվարը սրանով չէր սահմանափակվել: Ամսի 23-ին Արեւմտյան Ճավա նահանգում երկրաշարժ էր տեղի ունեցել: 8 մարդ տուժել էր, ավերվել էին ավելի քան հարյուրավոր շենքեր:
Ջակարտայի հազարավոր բնակիչներ փետրվարի սկզբին տարհանվել էին ջրհեղեղի պատճառով, որն առաջացել էր տեղատարափ անձրեւների հետեւանքով: Իսկ փետրվարի 19-ին սկսվել էր Սինաբունգ հրաբխի ժայթքումը, որ 5 հազար մետր բարձրությամբ մոխիր էր արտանետել: Սա հրաբխի ամենահզոր ժայթքումն էր 2010 թվականի օգոստոսին ակտիվանալուց ի վեր: Մինչ այդ լեռը քնած էր 4 հարյուրամյակ:
Գրեթե մեկամսյա անդորրից հետո աղետները վերականգնվել էին: Մարտի 22-ին Ճավա կղզում Իջեն հրաբուխը սկսել էր արտանետել թունավոր ծծմբային գազ: Դրա հետեւանքով հիվանդանոցում էր հայտնվել մոտ 30 մարդ, փակվել էին նաեւ հանրահայտ զբոսաշրջային հանգստավայրը եւ հանքահորը:
Իսկ մարտի վերջին օրը արտակարգ իրադրության ռեժիմ էր հայտարարվել Բալիքպապան քաղաքում: Այնտեղ տեղի էր ունեցել ստորջրյա նավթատարի պայթյուն, որին խարիսխով բախվել էր նավը: Նավթի շերտը տարածվել էր 13 հա տարածքում: Արտահոսքից հետո հրդեհ էր բռնկվել, որի հետեւանքով զոհվել էր 5 ձկնորս:
Հաջորդ ողբերգությունը տեղի էր ունեցել ապրիլի 25-ին: Ապօրինի նավթահորում հրդեհի հետեւանքով զոհվել էր 18 մարդ, տուժել էր 40-ից ավելին: Նրանք եկել էին արտահոսքից հետո նավթ հավաքելու:
Մայիսի 13-ին մեկ ընտանիքի պատկանող 6 մահապարտներ Սուրաբայա քաղաքում հարձակումներ էին իրագործել քրիստոնեական երեք եկեղեցիների վրա: Զոհվել էր 13 մարդ:
Հաջորդ օրը նույն քաղաքում մահապարտ ահաբեկիչը ոստիկանական տեղամասի մոտ պայթուցիկ սարք էր գործարկել՝ վիրավորելով իրավակարգի մի քանի պահապանների:
Հունիսին տեղի էին ունեցել միանգամից մի քանի նավաբեկություններ: Հունիսի 13-ին փոթորկի հետեւանքով 2 նավանկ էր խորտակվել: Զոհվել էր 15 մարդ:
Հունիսի 18-ին Սումատրայի Տոբա լճում ջրի հատակն էր անցել մոտ 200 ուղեւորով լաստանավը: Սա ամենախորը հրաբխային լճերից է: Հաջողվել էր փրկվել միան 20 մարդու: Մեծ մասը չէր հասցրել դուրս գալ: Նրանց մարմինները հիմա հանգչում են 450 մետր խորությամբ:
Հունիսի 29-ին Բալի կղզում արթնացել էր Ագունգ հրաբուխը: Դրա հետեւանքով հարկադրված էին փակել տեղական միջազգային օդանավակայանը:
Հուլիսի 3-ին Սուլավեսի նահանգի ափերի մոտ լաստանավ էր խորտակվել, որում եղել էր 100 մարդուց ավելի: Գրեթե 30-ը խեղդվել էր:
Լոմբոկ կղզում հուլիսի վերջին տեղի էր ունեցել 6,9 բալ հզորությամբ երկրաշարժ: Զոհվել էր 16 մարդ: Օգոստոսի 5-ին այնտեղ տեղի էր ունեցել նույն ուժգնությամբ եւս մեկ հզոր երկրաշարժ: Այս անգամ զոհերի թիվը 400-ից անցնում էր:
Սեպտեմբերի 23-ի գիշերը Անակ-Կրակատաու ակտիվ հրաբուխը սկսել էր լավա արտաժայթքել: Ի դեպ, ստիպված չէին եղել օդանավակայանները փակել:
Իսկ 6 օր անց շարունակվել էր երկրաշարժերի շարքը: Այս անգամ աղետը գրանցվել էր Սուլավեսի կղզում: Ստորգետնյա ցնցումների հզորությունը հասնում էր 7,5 բալի: Դրանք առաջացրել էին 2-մետրանոց ցունամի, որի հետեւանքով զոհվել էր 2 հազարից ավելի մարդ: Եվս մոտ 5 հազարը մինչեւ հիմա անհայտ կորած են համարվում: Ամենաշատը տուժել էր Պալու քաղաքը: Այնտեղ իրենց տներից զրկվել էին 88 հազարից ավելի մարդիկ:
Դե իսկ հոկտեմբերի 29-ին տեղի էր ունեցել ավիաաղետ: Ճավա կղզու մոտ Lion Air ավիաընկերության օդանավը Ջակարտայից օդ բարձրանալուց 13 րոպե հետո ծովն էր ընկել: Օդանավում եղած 189 մարդիկ զոհվել էին:
Այսպիսով, 2018 թվականին Ինդոնեզիայում ընդհանուր առմամբ աղետների հետեւանքով զոհվել է գրեթե 7900 մարդ, փոխանցում է NTDTV-ն:





























