Մայրաքաղաքում կառուցապատողները պետք է պահպանեն շինհրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ նորմերը: Այս խնդիրը առաջադրվել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կողմից այսօր՝ փետրվարի 21-ին հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում:
«Պահանջը խիստ է եւ հստակ. կառուցապատողը պարտավոր է շինարարությանը հարող տարածքում քաղաքացիների համար հարմար ու անվտանգ անցուդարձ ապահովել: Անհրաժեշտ է գույքագրում կատարել հասկանալու համար, թե քանի կառուցապատող է խախտել սահմանված ժամկետները:
Այսկերպ հնարավոր կլինի արդյունավետ կառավարել այս դաշտը: Կառուցապատման պայմանագրերը պետք է լինեն շատ կոշտ եւ հստակ:
Կառուցապատողներից պետք է պահանջել շինարարական նորմերի պահպանում, որպեսզի Երեւանի ու երեւանցիների համար անհարմարություններ չստեղծեն»,- շեշտել է քաղաքապետը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շրջակա տարածքների բարեկարգման ու կանաչապատման հարցում պահանջը վերաբերում է նաեւ սպասարկման օբյեկտների եւ ստորգետնյա անցումներում առեւտրային գործունեություն իրականացնողներին:
Տնտեսվարողները պարտավոր են պահպանել պայմանագրային պարտավորությունները, բարեկարգել, մաքրել ու կանաչապատել վարձակալած տարածքների հարակից հատվածները:
«Այգիներում, պուրակներում, կանաչ գոտիներում եւ ստորգետնյա անցումներում վարձակալության պայմանագրերում շրջակա տարածքի բարեկարգումը պարտադիր պայման է: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվում է խստորեն հետեւել այդ նորմերի պահպանման պարտավորության ապահովմանը»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Մայրաքաղաքի սանմաքրման արդյունավետ կազմակերպման առումով հանձնարարվել է իրատեսական վերլուծություն ներկայացնել գանձվող վարձավճարների պատկերը հստակեցնելու համար: Քաղաքապետն ընդգծել է, որ հավաքագրման եւ գումարների ճիշտ տեղաբաշխման արդյունքում էականորեն կարելի է փոխել աղբահանության կազմակերպման վիճակը:




























