Երեւանի պետհամալսարանի գիտխորհրդի ընդլայնված կազմը փետրվարի 22-ին կհյուրընկալի Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

ԵՊՀ լրատվական բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ արդեն ավանդույթ դարձած հանդիպման ընթացքում նախարարը կներկայացնի անցած ժամանակահատվածում ՊՆ գործունեությունը, ԵՊՀ-ի եւ նախարարության համատեղ ծրագրերը, կպատասխանի համալսարանականների հարցերին:

Հանդիպման ընթացքում նաեւ կհստակեցվեն հունվարի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարության եւ Երեւանի պետական համալսարանի միջեւ ստորագրված համագործակցության նոր համաձայնագրի իրականացման գործնական կողմերը:

Միջոցառման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պարգեւներ կհանձնի ԵՊՀ-ՊՆ համագործակցության շրջանակում զորամասեր այցելության ծրագրի ամենաակտիվ համալսարանական դասախոսներին: ԵՊՀ-ն իր հերթին կպարգեւատրի նախարարության այն ներկայացուցիչներին, ովքեր զգալի ներդրում են ունեցել երկու կառույցների համագործակցության ամրապնդման եւ զարգացման գործում: