Սերբիայի հարավում Նիշ քաղաքի մոտ Դոնի Մեջուրովո երկաթուղային անցումում գնացքի եւ դպրոցական ավտոբուսի բախման հետեւանքով մահացել է առնվազն 3 մարդ, 20-ից ավելին տուժել է, հայտնում է Սերբիայի ազգային հեռուստատեսությունը:
«Երեք մարդ մահացել է, վեցը ծանր վնասվածքներ է ստացել, 16-ը՝ միջին ծանրության վնասվածքներ»,- հեռուստաալիքով հայտարարել է Նիշի շտապ օգնության ծառայության տնօրեն Սլավոլյուբ Ժիվադինովիչը:
Կայարանի մոտ երկաթուղային անցումում վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով 07:30-ին: Ներկայումս բոլոր տուժածներին տեղափոխել են Նիշի կլինիկական կենտրոն:
Բախման հետեւանքով շարժակազմերի մի մասը ռելսերից դուրս է եկել, դրանց շարժումը խափանվել է, հայտնել են «Սերբիայի ենթակառուցվածքային երկաթուղիներ» ընկերությունից:
Անցումում արգելափակոց չի եղել, այն հագեցած էր միայն սեմաֆորով:
Վթարի պատճառները պարզվում են:





























