Բաքվում սպանվել է Ազգային անվտանգության նախարարության նախկին աշխատակիցը։ Այս մասին հաղորդել են ադրբեջանական լրատվամիջոցները:
Շրջանի դատախազության տվյալներով, սպանվածը 45-ամյա Ֆարիզ Վահաբովն է: Հանցագործությունը կատարվել է դեկտեմբերի 20-ին՝ այն տան բակում, որտեղ ապրելիս է եղել Վահաբովը: Ժամը 19,26-ին, երբ մարդը կայանելիս է եղել իր մեքենան, անհայտ անձը, վազելով, մի քանի անգամ կրակել է նրա վրա: Երկու փամփուշտները դիպել են հատուկ ծառայությունների նախկին աշխատակցի դեմքին եւ կրծքավանդակին: Մարդը հենց տեղում մահացել է:
Մարդասպանը փախել է հանցագործությունը կատարելուց հետո: Ներկայումս տեղում աշխատում է քննչական-օպերատիվ խումբը: Դեռ հայտնի չէ, թե ինչ զենքից է կրակել մարդասպանը: Խուզարկուները փորձում են պարզել կրակողի ինքնությունը:
Նախկինում Վահաբովը ԱԱԾ աշխատակից էր, բայց առողջական պատճառներով հեռացել էր այնտեղից, որից հետո սկսել էր զբաղվել բիզնեսով: Ամեն դեպքում, հետաքննության ամենահավանական տարբերակներից մեկն այն է, որ սպանությունը կարող էր կատարվել բիզնես-շահերի բախման պատճառով:




























