Փրկարարները հայտնաբերել են Սոլիկամսկի հանքահորում գործըկերների հետ արգելափակված 9-րդ աշխատողի մարմինը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակի վայրում աշխատող օպերատիվ շտաբին:

Ավելի վաղ հաղորդվում էր «Ուրալկալիում» հանքում պատահարի հետեւանքով զոհված 8 մարդու մարմինները հայտնաբերելու մասին:

«Իններորդը հայտնաբերվել է նույն վայրում, որտեղ վեցին էին գտել»,- ասել են շտաբից՝ հստակեցնելով, որ դեռեւս չի սկսվել մարմինները վեր բարձրացնելու գործը: Միաժամանակ, չեզոքացվում է հանքահորում կրակի վերջին օջախը:

Հիշեցնենք, որ շաբաթ Մոսկվայի ժամանակով մոտ 10:04-ին «Ուրալկալիում» ընկերության հանքահորում տեղի է ունեցել ծխահարում: Հանքահորում աշխատել է ընդհանուր 17 մարդ, որոնցից 8-ը մակերեւույթ են դուրս եկել, նրանք չեն տուժել: Հանքահորում արգելափակված էր մնացել 9 մարդ, որոնք Պերմի երկրամասի, Բաշկիրիայի եւ Կրասնոդարի երկրամասի բնակիչներ են: Արտակարգ իրավիճակի վայրում գործում է օպերատիվ շտաբ, որի աշխատանքը ղեկավարում է Պերմի երկրամասի նահանգապետ Մաքսիմ Ռեշյոտնիկովը:

«Ուրալկալիումի» ներկայացուցիչների խոսքով՝ այրվել է մոնտաժային փրփուրը, շինարարական աղբը, որ հետեւանքով առաջացել է ծխահարումը: Հրդեհը բռնկվել է 340 մետր խորությամբ, հանքահորի խորությունը կազմում է 500 մետր:

ՌԴ ՔԿ Պերմի երկրամասի քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 216-րդ հոդվածի 3-րդ մասով («Անվտանգության կանոնների խախտում լեռնային, շինարարական եւ այլ աշխատանքներ կատարելիս, որը երեք եւ ավելի մարդու մահվան պատճառ է դարձել»): Երկրամասի իշխանությունները խոստացել են զոհվածների ազգականներին բազմակողմանի օգնություն ցուցաբերել: