Հյուսիսային բեւեռի մոտ գտնվող Շպիցբերգեն արշիպելագի իշխանությունները հայտնել են, որ բանկի կողոպտիչն է 29-ամյա ռուսաստանցին, փոխանցում է Esquire-ը՝ վկայակոչելով մի շարք լրատվամիջոցների:
Դեկտեմբերի 21-ին Նորվեգիայի Լոնգյիր քաղաքում, որը գտնվում է բեւեռային Շպիցբերգեն արշիպելագում, պատմության մեջ առաջին անգամ բանկ են կողոպտել:
Իշխանությունների տեղեկություններով՝ կողոպտիչը Շպիցբերգեն է եկել որպես զբոսաշրջիկ: Նա ներխուժել է Լոնգյիրի միակ բանկ եւ բանկի աշխատակիցներին սպառնացել հրացանով, որն օրինականորեն վարձույթից էր վերցրել: Քաղաքում զենքը հաճախ են վարձակալում սպիտակ արջերից պաշտպանվելու համար, նշում է Svalbardposten պարբերականը:
Ռուսաստանցին տարել է մոտ 70 հազար նորվեգական կրոն, սակայն արդեն 20 րոպե անց ոստիկանները նրան ձերբակալել են: Ձախողակ հանցագործին 4 շաբաթով կալանավորել են եւ ուղարկել Տրոմսե քաղաք, որտեղ նրան կհարցաքննի նորվեգական ոստիկանությունը:
Լրատվամիջոցներում եւ համացանցում այս կողոպուտը «խելահեղ» են անվանում, քանի որ հաջող ելքի հնարավորությունը անչափ չնչին էր: Լոնգյիրը աշխարհի ամենահյուսիսային քաղաքն է, որը Հյուսիսային բեւեռից ընդամենը 1000 կմ է հեռու: Այնտեղ բնակվում է մոտ 2 հազար մարդ, որոնց մեծամասնությունն իրար դեմքով ճանաչում են: Այլ բնակավայրեր ուղեւորվելու համար սովորաբար օգտվում են սառցահատից կամ օդանավից:





























