ԱՄՆ գլխավոր ծննդյան տոնածառը, որն առանց լուսարձակների էր մնացել անհայտ անձի հարձակման եւ կառավարության աշխատանքի դադարեցման պատճառով, երկուշաբթի կրկին լուսարձակել է եւ այցելուների համար բացվել մասնավոր բարեգործական կազմակերպության դրամաշնորհի շնորհիվ: Այս մասին հայտնել է ԱՄՆ Ազգային այգիների ծառայությունը, որը պատասխանատու է նաեւ այս ծննդյան տոնածառի համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Տոնածառի լուսաշղթան ստիպված էին անջատել ծառի վրա մի տղամարդու բարձրանալ փորձելու միջադեպից հետո, որը վնասել էր ծննդյան լույսերը: Վերանորոգելու համար անհնար էր փող գտնել, քանի որ դեկտեմբերի 22-ից ծառայությունը, ինչպես նաեւ մի ամբողջ շարք այլ դաշնային գերատեսչություններ առանց ֆինանսավորման էին մնացել: Արդյունքում այն այցելուների համար փակվել էր:
Ազգային այգիների հիմնադրամը (մասնավոր բարեգործական հիմնադրամ, որն օգնում է պահել ԱՄՆ ազգային այգիները) ֆինանսական օգնություն է ցուցաբերել, որպեսզի գլխավոր ծննդյան տոնածառը կրկին բացվի:
Սպիտակ տան մոտ դրված ծննդյան տոնածառի լույսերը նոյեմբերի 28-ին վառել էր երկրի նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա հետ միասին արարողությանը մասնակցել էին առաջին տիկին Մելանյան եւ ամերիկացի առաջնորդի երեխաները: Սպիտակ տան տեղեկացմամբ՝ 8,5 մետր բարձրությամբ եղեւնու վրա էլեկտրական լուսաշղթաների երկարությունը կազմում է գրեթե 7 կմ:
Գլխավոր տոնածառի լույսերը վառելու ավանդույթը 1923 թվականին սկսել է ԱՄՆ 30-րդ նախագահ Քալվին Քուլիջը: Այդ ժամանակից սկսած այն ոչ մի անգամ չի խախտվել:





























