Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր՝ դեկտեմբերի 25-ին մեկնարկեց Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի գործով առաջին դատական նիստը։
Նախքան գործի դատաքննությանն անցնելը, Արամ Վարդանյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց, որպեսզի գործը քննվի դռնփակ դատական կարգով՝ հաշվի առնելով գործի բնույթը։
Նա նշեց, որ գործի նյութերում կան տվյալներ, որոնք վերաբերվում են անձանց կյանքին, անձնական անձեռնմխելիության իրավունքին։ Դատարանը միջնորդության քննությանը կանդրադառնա հաջորդ դատական նիստին։
Նշենք, որ այսօրվա դատական նիստին փաստաբան Արայիկ Պապիկյանը ներգրավվեց, որպես գործով տուժող Մամիկոն Բագրատունու ներկայացուցիչ։ Համաձայն մեղադրական եզրակացության` Արամ Վարդանյանը կազմակերպել, ղեկավարել և անձամբ մասնակցել է մի խումբ անձանց կողմից նախանական համաձայնությամբ 2017թ․ հուլիսի 17-ին Նորագավիթ թաղամասում գտնվող «Արամիս» սուպերմարկետի շրջակայքից բռնության գործադրմամբ, զենքի սպառնալիքով Մամիկոն Բագրատունու բացահայտ առևանգմանը։ Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է նաև Գարեգին Իսկանդարյանը։
Նա մեղադրվում է Բագրատունու առևանգման մեջ։
Նրանց երկուսի նկատմամբ էլ, որպես խափանման միջոց է ընտրված գրավը։
Հիշեցնենք, որ Արամ Վարդանյանը ձերբակալվել է 2018թ. հուլիսի 30-ին Դուբայի օդանավակայանում իսկ հոկտեմբերի 1–ին Միացյալ Արաբական Էմիրություններից էքստրադիցիայի ենթարկվել Հայաստան։




























