Վրացի բժիշկները H1N1 վիրուսից կամ այլ կերպ ասած «խոզի գրիպից» եւս մեկ մարդու մահվան դեպք են արձանագրել: Դժբախտ դեպքը տեղի է ունեցել Քութաիսի քաղաքում (Իմերեթի շրջան): Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Դավիթ Սերգեենկոն:
Այս շրջանում «խոզի գրիպից» առաջին մահվան դեպքը գրանցվել էր երկուշաբթի առավոտյան Բաթումի սեւծովյան առողջարանային քաղաքում:
«Կարեւորը, որ բոլորն իմանան գրիպի նախանշանները եւ այդ նախանշանների դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել ընտանեկան բժշկին: Այժմ մեկ ունենք երկու ցավալի դեպք՝մեկը Աջարիայում, իսկ երկրորդը տեղի է ունեցել երեկ Քութաիսիում», - ասել է Սերգեենկոն:
Սերգեենկոյի խոսքով՝ վիրուսի երկու զոհերը ռիսկի բարձր խմբին էին դասվում: Այդ խմբի մեջ են մտնում հղիները, մինչեւ 2 տարեկան երեխաները, թոքերի քրոնիկ հիվանդությամբ մարդիկ, այդ թվում ասթմայով:
Առաջին ալիքի տվյալներով՝ կինը մահացել է հիվանդանոցում՝ ծննդաբերությունից անմիջապես հետո: Երեխան իրեն լավ է զգում:
Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն հայտնել է, որ H1N1 վիրուսը տարբերվում է առանձնապես ծանր հետեւանքներով:
«Այսօր արդեն գրիպի վիրուսը՝ H1N1 շտամը լայնորեն տարածված է, որը տարբերվում է հատուկ ագրեսիայով՝ ի տարբերություն նախորդ տարվա H3 շտամի...Ցավոք, մենք արդեն մահվան երկու դեպք ունենք, ուստի եւս մեկ անգամ ուզում եմ դիմել բնակչությանը՝ մենք պետք է ուշադիր լինենք գրիպի շրջանում», - ասել է Գամկրելիձեն:
H1N1-ը А վիրուսի ենթատիպ է (գրիպի տարածված տեսակ, որը լայնածավալ համաճարակներ է առաջացնում):



























