Անցնող տարին նշանավորվել է մի շարք աղմկահարույց միջազգային սկանդալներով, որոնք լուրջ ազդեցություն են ունեցել ոչ միայն անմիջական մասնակիցների վրա, այլեւ ցնցել են ամբողջ համաշխարհային հանրությանը: NEWS.am-ը հիշեցնում է անցնող տարվա առավել խոշոր եւ աղմկահարույց սկանդալների մասին:

Տարօրինակ թունավորում Սոլսբերիում

Մարտի սկզբին բրիտանական խաղաղ քաղաքը հայտնվել էր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում: Մարտի 4-ին քաղաքի այգում անգիտակից վիճակում հայտնաբերվել էին Ռուսաստանի ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլյան: Նրանց հոսպիտալացրել էին կրիտիկական վիճակում:

Սկրիպալը 2006 թվականին մեղավոր էր ճանաչվել Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության մեջ եւ դատապարտվել 13 տարվա ազատազրկման: Ավելի ուշ նրան փոխանակել էին ռուս գործակալների հետ, եւ նա Մեծ Բրիտանիայում ապաստան էր ստացել: Բրիտանական իշխանությունները հայտարարել էին, որ նրանք թունավորվել են А-234 դասի «Նովիչոկ» մարտական թունավոր նյութով: Ավելի ուշ թունավոր նյութի տեսակի մասին բրիտանացի գիտնականների կատարած եզրահանգումը հաստատվել էր Քիմիական զենքի արգելման կազմակերպության ընտրած քիմիական լաբորատորիաներում անցկացված փորձաքննությամբ:

Լոնդոնը Մոսկվային էր մեղադրել թունավորման մեջ: Բրիտանիային աջակցել էին ԱՄՆ-ն, Կանադան եւ Ավստրալիան: Բրիտանիան Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը նվազեցրել էր, արտաքսել էր 23 ռուսաստանցի դիվանագետների: Եվրամիության երկրների մեծ մասը, ինչպես նաեւ ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան եւ մի շարք այլ երկրներ համանման քայլեր էին ձեռնարկել՝ համերաշխությունից ելնելով: Ռուսաստանը, որը հերքում էր բոլոր մեղադրանքները, պատասխանել էր հայելային միջոցառումներով:

Չնայած սկզբում հույս չկար, որ Սկրիպալները ողջ կմնան, այդուհանդերձ՝ հայր ու դուստր ողջ մնացին, նրանց գտնվելու վայրն անհայտ է:
2018 թվականի սեպտեմբերի 5-ին բրիտանական ոստիկանությունը հայտնել էր 2 ռուսաստանցի անձանց անունները եւ հրապարակել նրանց լուսանկարները, որոնց կասկածում էին Սկրիպալներին թունավորելու մեջ: Բրիտանական հատուկ ծառայությունների տեղեկություններով՝ նրանք ԳՀՎ սպաներ են եւ Մեծ Բրիտանիա էին ժամանել կեղծանուններով: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ թունավորմանը հավանություն էր տվել Ռուսաստանի ղեկավարությունը, իսկ Մեծ Բրիտանիայի անվտանգության նախարար Բեն Ուոլեսը թունավորման պատասխանատվությունը դրել էր անձամբ Վլադիմիր Պուտինի վրա:



Պուտինը հերթական անգամ հերքել էր այս իրադարձությանը Ռուսաստանի մասնակցությունը: «Ես երբեմն նայում եմ, թե ինչ է կատարվում այդ գործի շուրջ եւ զարմանում եմ: Ինչ-որ տղամարդիկ են եկել եւ սկսել թունավորել ինչ-որ բոմժերի»,- ասել էր նա սեպտեմբերին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Facebook-ը հարվածի տակ է

Facebook-ը հայտնվեց սկանդալի կենտրոնում, երբ հայտնի դարձավ Cambridge Analytica  ընկերության միջոցով սոցցանցի 87 մլն օգտատերերի տվյալների արտահոսքի մասին:

Cambridge Analytica –ն լոնդոնյան ընկերություն է, որը քաղաքական խորհրդատվական ծառայություներ է տրամադրում:

Ընկերությանը մեղադրեցին Facebook-ի 50 մլն օգտատերերի անձնական տվյալների օգտագործման մեջ 2016-ի ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով:

Ընկերությանը հաջողվել է հավաքել Facebook-ի միլիոնավոր օգտատերերի տվյալները «Սա ձեր թվային կյանքն է». վիկտորինայի միջոցով:

Թեստերը հնարավորություն են տալիս օգտատիրոջ էջի մասին տեղեկություններ հավաքել:

Facebook ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը խոստովանել է, որ իր սոցցանցը սխալներ է թույլ տվել Cambridge Analytica-ի հետ աշխատանքում, գրում է BBC-ն:

Facebook ընկերության բաժնետոմսերի արժեքը միայն մեր օրում 40 մլրդ դոլարով նվազել էր: Իր պաշտոնական հայտարարության մեջ ընկերությունը պնդում էր, որ վրդովված է այն բանից, թե ինչպես են իրեն խաբել իր սոցցանցի տվյալների օգտագործման հարցում:

Ցուկերբերգը մոտ 10 ժամ պատասխանում էր ամերիկացի օրենսդիրների, իսկ հետո Եվրոպականա խորհրդարանի պատգամավորների հարցերին:

Այս սկանդալը սոցցանցերի ընկերությունների, քաղաքական խորհրդատվական կազմակերպութկունների եւ քաղաքական գործիչների էթիկական ստանդարտների մասին հասարակական մեծ բանավեճի պատճառ դարձավ:

Սպառողների իրավունքների պաշտպանները կոչ արեցին ուժեղացնել առցանց լրատվամիջոցների սպառողների պաշտպանությունը եւ անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը, ինչպես նաեւ կանխել ապատեղեկատվությունը եւ քարոզչությունը:

Սաուդցի լրագրողի սպանությունը

Ջամալ Խաշոգջին աշխարհին հայտնի դարձավ Ստամբուլի հյուպատոսությունում խորհրդավոր անհետացումից հետո:

Լրագրողն այնտեղ էր գնացել իր հարսնացուի հետ ամուսնության համար անհրաժեշտ փաստաթուղթ ստանալու համար: Հարսնացուին թույլ չէին տվել հյուպատոսարանի շենք մտնել: Երբ Խաշոգջին շենք էր մտել, նրան այլեւս ոչ ոք չէր տեսել:

Մի քանի ժամ անց կնոջը մոտեցել էր հյուպատոսարանի աշխատակիցը եւ ասել, որ նրա փեսացուն վաղուց գնացել է: Որոշ ժամանակ անց իշխանությունները հայտնել էին իրենց կասկածների մասին: Նրանց կարծիքով լրագրողին սպանել էին հյուպատոսարանում:

Էր Ռիադը համառորեն հերքում էր դա՝ պնդելով, որ Խաշոգջին «ողջ եւ առողջ» լքել է հյուպատոսարանը: Սակայն թուրքական մամուլում հրապարակումներ եղան լրագրողի սպանությունը ապացուցող ինչ-որ ձայնագրության առկայության մասին:

Թուրքական կողմի կարծիքով, Խաշոգջին սպանվել էր հատուկ այդ նպատակով ուղարկված 15 սաուդցիների ջոկատի կողմից, ովքեր նույն օրը հեռացել էին Թուրքիայից: Խաշոգջին սպանվել էր, իսկ նրա մարմինը անդամատվել էր: Մնացորդները մինչ օրս չեն հայտնաբերվել:

Ռիադը ստիպված եղավ խոստովանել, որ լրագրողին սպանել են միջադեպից երկու շաբաթ անց: Այնուամենայնիվ, սաուդցիները պնդում են, որ նրան  «պատահաբար» են սպանել՝ «հայրենիք վերադառնալու համոզման փորձերի ժամանակ: Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանին  փաստացի ուղղակիորեն մեղադրեց լրագրողի սպանության մեջ:

ԱՄՆ հետախուզական գործակալությունները եւ որոշ կոնգրեսականներ նույնպես կարծում են, որ Մուհամմեդը ներգրավված էր լրագրողի սպանությանը, ով հայտնի էր Ռիադի դեմ քննադատություններով: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն կոշտ միջոցներ չկիրառեց Սաուդյան Արաբիայի՝ Մերձավոր Արեւելքում իր գլխավոր դաշնակիցի դեմ՝ պնդելով, որ դա կսպառնա երկրի անվտանգությանը եւ շահերին: