Ինդոնեզիայի իշխանությունները ստիպված էին ցունամիի հետեւանքով տուժած շրջաններից տարհանել ավելի քան 17 հազար մարդու, որն առաջացել էր դեկտեմբերի 22-ին Անակ-Կրակատաու հրաբխի ժայթքման հետեւանքով: Այս մասին չորեքշաբթի Ջակարտայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոխոն:
«Նրանք մշտական բնակության վայրեր կվերադառնան միայն ողբերգության հետեւանքների վերացումից, ցունամիի հետեւանքով ավերված նրանց տների եւ ենթակառուցվածքների վերականգնումից հետո»,- «Սինհուայի» փոխանցմամբ՝ ասել է նա:
Մինչդեռ Զոնդի նեղուցի գոտում, որը տուժել էր ցունամիից, եղանակային վատ պայմանները պահպանվում են: Ինդոնեզիայի օդերեւութաբանական գործակալության տվյալներով՝ դրանք կարող են առաջացնել հերթական սեյսմիկ ակտիվությունը եւ հանգեցնել Անակ-Կրակատաու հրաբխի նոր ժայթքման: Գերատեսչությունից նշել են, որ ժայթքման վտանգի պատճառով հրաբխի շուրջը ստեղծվել է 2 կմ շառավղով մեծ վտանգավորության գոտի:
Վերջին հաստատված տեղեկություններով՝ աղետի հետեւանքով զոհվել է 429 մարդ, ավելի քան 1,4 հազարը բուժօգնության է դիմել: Եվս 153 մարդ համարվում է անհայտ կորած:





























