ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երեւանում Արմավիրի 24-ամյա բնակչի դանակահարության դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Վերջինս ձերբակալվել է:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2018թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնից հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 16:25-ին, կրծքավանդակի «ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք՝ թոքի վնասումով, եւ ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Երեւան քաղաքի Աբելյան փողոցի շենքերից մեկի մոտից շտապօգնության ծառայության կողմից «Արմենիա» Հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել Արմավիր մարզի բնակիչ՝ ծնված 1994 թվականին:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 24-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող:

Իրականացված անհետաձգելի քննչական եւ դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, շարժառիթը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երեւան քաղաքի բնակիչ՝ ծնված 1998 թվականին:

Նախնական քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի օրն Արմավիրի 24-ամյա երիտասարդը եւ Երեւանի 20-ամյա բնակիչը Աջափնյակի դպրոցներից մեկի հետնամասում գտնվող ավտոտնակների մոտ վիճաբանել են անձնական հարցերի շուրջ, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած խոհանոցային դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել Արմավիրի մարզի բնկաչին:

Ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2018թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 09:50-ին, 20-ամյա երիտասարդը հայտնաբերվել է եւ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Նույն օրը նա ձերբակալվել է՝ առերեւույթ հանցագործություն կատարելու կասկածանքով, եւ հարցաքննվել դեպքի շուրջ:

Նրա մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ երիտասարդը մատնացույց է արել հանցագործության գործիք հանդիսացող խոհանոցային դանակի գտնվելու վայրը, որը հայտնաբերվել է եւ առգրավվել:

Առգրավվել են նաեւ դեպքի պահին երիտասարդների հագին եղած հագուստները, կատարվել է «Արմենիա» ՀԲԿ գրանցամատյանի զննություն:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: