ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով, զենքի գործադրմամբ բնակարան մուտք գործելու, ապօրինի զենք կրելու եւ օգտագործելու դեպքի առթիվ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ նախնական տվյալներով՝ 2018 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, դիմակավորված 4 անհայտ անձինք, ուրիշի գույքը առերեւույթ հափշտակելու նպատակով, ապօրինի մուտք են գործել Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի՝ 1949 թվականին ծնված բնակչի տուն, ծեծի են ենթարկել նրան եւ նրա կնոջը՝ ծնված 1956 թվականին, եւ դանակի ու ատրճանակի գործադրմամբ վերջիններիս կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ պահանջել են գումար եւ ոսկյա իրեր, որից հետո կպչուն ժապավենով նրանց կապկպելով ննջասենյակում՝ առանձնատնից հափշտակել են 500.000 ՀՀ դրամ գումար, 4 շիշ կոնյակ, «Տոշիբա» մոդելի դյուրակիր համակարգիչ, «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոս, մեկ պլանշետ եւ դիմել փախուստի: Գետափ գյուղի՝ 1949 թվականին ծնված բնակիչը եւ վերջինիս կինը ճանաչվել են տուժող:

Դեպքի առթիվ 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նույն օրը հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել են Լոռու մարզի երկու բնակիչներ՝ ծնված 1984 եւ 1989 թվականներին:

Նախաքննության ընթացքում դեպքի վայրի զննության ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել են գործի համար էական նշանակություն ունեցող իրար:  Կասկածյալներից մեկի անձնական խուզարկության ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել է հանցագործության գործիք  հանդիսացող դանակը եւ առգրավվել:

Նշանակվել է դատագենետիկական, դատաքիմիական, դատամատնադրոշմային եւ դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու, առերեւույթ հանցագործությանն առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու եւ համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ միջադեպին մասնակից մյուս անձանց հայտնաբերելու եւ նախաքննական մարմին ներկայացնելու վերաբերյալ: