ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառում ԱՄՆ-ի հարավային սահմանի ամբողջական փակման հնարավորությունը:

«Մենք ստիպված կլինենք ամբողջությամբ փակել հարավային սահմանը, եթե դեմոկրատ օբստրուկցիոնիստները մեզ փող չտան պատի կառուցման համար, ինչպես նաեւ թույլ չտան փոխել հիմար ներգաղթային օրենքները, որոնցով ծանրաբեռնված է մեր երկիրը:

Դժվար է հավատալ, որ կարող են գոյություն ունենալ կոնգրես եւ նախագահ, ովքեր հավանություն կտային դրան», - Twitter-ում գրել է նա:

Դեկտեմբերի 23-ին ԱՄՆ մի  շարք դաշնային գերատեսչություններ մասամբ դադարեցրել են աշխատանքը այն պատճառով, որ կոնգրեսը չի հասցրել համաձայնեցնել նոր բյուջեն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ ստորագրել բյուջեն, եթե այն չի ներառի Մեքսիկայի հետ սահմանին պատի ֆինանսավորման համար 5 միլիարդ դոլարը, դեմոկրատները պատրաստ չեն աջակցել նման ծախսերով փաստաթղթին: Սպասվում է, որ հինգշաբթի ԱՄՆ Կոնգրեսում բյուջեի հարցը նորից կքննարկվի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: