Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանի բողոքը և ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, դեկտեմբերի 13–ին որոշում է կայացրել ևս երկու ամսով երկարաձգել Վաչագան Ղազարյանի կալանքի ժամկետը։

Ղազարյանը կալանավորվել էր հունիսի 27-ին, ապա նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել 1 մլրդ դրամ գրավը: Դատախազությունը բողոքարկել էր այս որոշումը, որի արդյունքում կայացվել է Ղազարյանին կրկին կալանավորելու վերաբերյալ որոշում:

Նա մեղադրվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու մեջ։

Կալանավորումը երկարաձգելու որոշումից օրեր առաջ Վաչագան Ղազարյանը հայտարարություն էր տարածել՝ պատրաստակամություն հայտնելով իր և ընկերոջ կողմից  մոտ 6 միլիոն դոլար փոխանցել պետությանը։