Ադրբեջանական երաժշտություն սիրելու մասին հայտարարությունից առաջ պետք է որոշ արգելակներ աշխատեցնել։ Փետրվարի 22-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը՝ անդրադառնալով օրեր առաջ երգահան Վահրամ Պետրոսյանի արտահայտած այն մտքին, թե ինքն ու իր շատ ընկերներ սիրում են նաեւ ադրբեջանական երաժշտություն, իսկ դա նշանակում է, որ իրենց մեջ նաեւ ադրբեջանական էություն կա:
«Վահրամյան սինդրոմը» վտանգում է մեր ազգային արժանապատվությունը, ոտնահարում մեր ազգային ինքնագիտակցությունը»,- ասաց Ամիրխանյանն ու հավելեց. «Ես ուզում եմ նրբանկատ գտնվել եւ այդ երիտասարդի հասցեին վատ բաներ չասել։ Պարզապես եթե նա իր միտքն մի փոքր այլ կերպ ձեւակերպեր՝ ասելով, որ սիրում է ոչ թե ադրբեջանական, այլ պարզապես մահմեդական երաժշտություն, աղմուկն այսքան մեծ չէր լինի։ Սակայն այս պարագայում նա չի էլ պատկերացրել իր ասածի էությունը։ Խոսքը զուտ ադրբեջանական երաժշտության մասին է եղել, ինչն անթույլատրելի է»,-նշեց Ամիրխանյանը։
Նրա խոսքով, Վահրամ Պետրոսյանը մեկն է ժամանակակից երգարվեստի այն ներկայացուցիչներից, ովքեր բիզնես նպատակներ են հետապնդում եւ երգեր գրում են բացառապես շահույթ ստանալու ակնկալիքով։
«Հայտնի է, որ շուկայում այսօր ամենավաճառվող ապրանքն ամենաէժան ապրանքն է, իսկ նա ամենաէժան ապրանք արտադրողներից մեկն է։ Նրա երաժշտությունը, որ կրում է ադրբեջանաթուրքական մուղամների ազդեցությունը, ոչ մի կապ չունի մաքուր, քրիստոնեական հայկական երաժշտության հետ։ Բայց նման անհատներին չես մեղադրի. մարդն, ով ասելիք չունի, իր վառարանը վառելու համար ստիպված ուրիշի փայտն է օգտագործում»,- համեմատական անցկացրեց երգահանը՝ միաժամանակ ցավ հայտնելով, որ Վահրամ Պետրոսյանը միակ դեպքը չէ, եւ որ շուկան ողողված է նաեւ շատ այլ հեղինակաների՝ սրտին եւ մտքին ոչինչ չասող, անճաշակ երգերով։
Ամփոփելով՝ կոմպոզիտորը նկատեց, որ Վահրամին եւ նրա նման երիտասարդներին պետք է օգնել հասկանալ, որ իրենք, առաջնորդվելով անորակ երաժշտությամբ փող վաստակելու գայթակղությամբ, վատ բան են անում։ «Նման մարդկանց եթերներից զրկելը, բարձրագոչ նկատողություններ անելն անիմաստ է, առավել ազդեցիկ տարբերակը ցածրաձայն ասված խոսքերն են»,- նկատեց նա։
Նշենք, որ օրեր առաջ կայացած մամուլի ասուլիսում վահրամ Պետրոսյանը բառացիորեն հայտարարել էր. «Ես սիրում եմ ադրբեջանական երաժշտություն, դա նշանակում ա, որ իմ էության մեջ կա ինչ-որ բան ադրբեջանական երաժշտությունից, եւ իմ բոլոր ընկերները, ես չունեմ տենց ընկեր, ով չի սիրում ադրբեջանական երաժշտություն, նշանակում է՝ իմ ընկերների էության մեջ կա ադրբեջանական երաժշտությունը»։



























