«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանn այսօր՝ փետրվարի 22-ինը նամակ է հղել Կրթության եւ գիտության նախարարին` վերջերս լրատվության ուշադրության կենտրոնում հայտնված  տնօրենների անվայել վարքի վերաբերյալ: Նամակում, մասնավորապես, ասվում է.

«Հրազդան քաղաքի թիվ 11 դպրոցի տնօրենի ու փոխտնօրենի բառապաշարում գերակշռում են հայհոյանքները, որի մասին տեղեկատվություն կա YouTube-ում եւ «Lragir.am կայքէջում: Կարծում եմ` պատահական չէ այս երեւույթը, որովհետեւ, ինչպես տարբեր լրատվամիջոցներ տեղեկացրել են, նույն բառապաշարով նրանց հետ խոսում է նաեւ Կոտայքի մարզպետը:

Անցյալ շաբաթվա «168 ժամ» եւ «Հետք» թերթերում գրված է նաեւ Էջմիածին քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տնօրենի հայհոյախառն բառապաշարի մասին:

Քանի որ որեւէ օրենքում հայհոյելը բառացիորեն հակամանկավարժական երեւույթ չի որակվել, եւ Դուք երեւի թե այդ հիմքով նրանց աշխատանքից ազատել չեք կարող, ապա, ելնելով այս իրականությունից, միգուցե առաջարկենք «Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 17-րդ կետում հարկադրաբար ավելացնել «Ուսումնական հաստատության տնօրենը չի կարող առաջադրվել եւ ընտրվել հայհոյող անձը, եթե նույնիսկ հավաստագիր ունի եւ իշխանական կոալիցիոն կուսակցության  անդամ է»:

Խնդրում եմ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` պատասխանել.

1. Ի՞նչ միջոցներ է ձեռնարկում նախարարությունը վերոնշյալ դպրոցների տնօրենների  վարքը գնահատելու եւ նրանց պատժելու  կապակցությամբ:

2. Կրթության նախարարության ո՞ր մասնագետներն են կցված վերոնշյալ մարզերին:

3. Կցանկանայի իմանալ Ձեր տեսակետը օրենքում փոփոխություն անելու վերոնշյալ իմ առաջարկի մասին»:

Նշենք, սակայն, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Հրազդան քաղաքի թիվ 11 դպրոցի տնօրենին հայտարարվել է «խիստ նկատողություն»: