Հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավաստագրման գործընթացը մեկնարկել է. այդ պաշտոնին հավակնողների առաջին քննությունը տեղի է ունեցել փետրվարի 18-ին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին  հայտարարեց ԿԳՆ մամուլի ծառայության ղեկավար Արթուր Բաղդասարյանը։

Նրա խոսքով, նախօրոք հայտագրված 25 հավակնորդներից (հավակնորդ, որովհետեւ պարտադիր չէ, որ քննությանը մասնակցեն միայն  տնօրենները) քննությանը մասնակցել են 24-ը։ «Ընդ որում, նրանցից 9-ը չի հաղթահարել քննության առաջին՝ գրավոր փուլի նվազագույն շեմը։ Բանավոր քննության ժամանակ անհաջողության է մատնվել 2 մասնակից։ Ստացվում է, որ հավաստագիր կստանա ընդամենը 13 հավակնորդ»,- ճշգրտեց Բաղդասարյանը։

ԿԳՆ ներկայացուցիչը նշեց նաեւ, որ համապատասխան հավաստագիր ստացած անձինք այսուհետ կարող են մասնակցել դպրոցների տնօրենների թափուր տեղերի մրցույթին, ինչից հետո էլ իրավասու կլինեն ստանձնել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարի պաշտոնը։

Հարցին՝ հավաստի՞ են արդյոք մամուլում շրջանառվող լուրերը, թե առաջին իսկ քննության ժամանակ հուշելու եւ արտագրելու դեպքեր են արձանագրվել, Բաղդասարյանը միանգամից հերքեց դրանք։ 

Ամփոփելով՝ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետը տեղեկացրեց, որ տնօրինության հավակնորդների հաջորդ քննությունը տեղի կունենա  փետրվարի 23-ին։

Նշենք, որ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում դպրոցների տնօրենների ընտրության կարգը փոփոխության է ենթարկվել։ Նրանք, ովքեր կցանկանան նման պաշտոն ստանձնել, նախ պետք է մասնակցեն վերապատրաստման դասընթացներին եւ վկայականներ ստանան։

Համապատասխան վկայական ունեցող քաղաքացիներն այնուհետ պետք է մասնակցեն հավաստագրման երկու փուլով՝ այն է, թեստավորման եւ հարցազրույցի ձեւով անցկացվող  քննություններին, լրացնեն կրթության ոլորտին եւ հարակից օրենսդրությանը, կառավարչական հմտություններին, մանկավարժական, հոգեբանական եւ ուսումնական գիտելիքներին վերաբերող 800 հարց պարունակող թեստը։ Բանավոր փուլի ժամանակ դպրոցի տնօրեն դառնալ ցանկացողները պետք է պատասխանեն հանձնաժողովի հարցերին:

Հավաստագրված մասնագետը տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթներին կարող է մասնակցել որակավորում ստանալուց հետո հինգ տարվա ընթացքում։