Ազգային վիճակագրական ծառայության կողմից 470 սպառողական ապրանքների գների ինդեքսի հաշվարկը լիարժեք չի արտահայտում իրական վիճակը եւ կրում է միակողմանի բնույթ։ Այսօր՝ փետրվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն կատարեց ԱԺ նախագահի խորհրդական, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։
Նա ներկայացրեց մի շարք պարենային ապրանքների գների փոփոխության իր հաշվարկները, որոնք էապես տարբերվում են պաշտոնական տվյալներից։ Այսպես՝ ըստ Մանասերյանի՝ կարտոֆիլի գինը 2010 թ. դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ բարձրացել է 100 տոկոսով, խնձորը՝ 500 տոկոսով, սոխը՝ 100 տոկոսով, միսը եւ հացը՝ 20 տոկոսով։
Բացի այդ, ըստ Մանասերյանի, գների հաշվարկն իրականացվում է հանրապետության 10 քաղաքներում՝ հաշվի չառնելով իրավիճակը գյուղերում։
Գնաճի դեմ պայքարելու համար, ըստ Մանասերյանի, անհրաժեշտ է, որպեսզի կառավարությունը կենտրոնացված կարգով սահմանի կենսապահովման նվազագույն զամբյուղի մեջ մտնող ապրանքների գները։





























