Արաբական աշխարհում տեղի ունեցող հեղափոխական գործընթացները կարող են շոշափել նաեւ Հայաստանը: Այսօր՝ փետրվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ պատգամավոր, Հնչակյան սոցիալ դեմոկրատական կուսակցության անդամ Վարդան Խաչատրյանը:
«Ինչպիսի՞ն կլինի այդ վիրուսը՝ օդում սավառնող այդ յուրօրինակ հարուցիչը, որը բոլորի ուղեղները սպրդել է, ինչպիսի՞ն կինի նրա դրսեւորումը Հայաստանում՝ կլինի բարձր, կլինի ցածր, կտեսնենք, բայց այն, որ աշխարհն այսօր կտրուկ փոփոխությունների է գնում, փաստ է»,- ընդգծել է նա, նկատելով, որ Հայաստանի իշխանությունները բոլոր դեպքերում հայտարարում են, թե մեր երկրում ոչ մի նման բան հնարավոր չէ, ինչը դեռ ոչինչ չի նշանակում:
Վ. Խաչատրյանը հիշեցրել է, որ Կառավարությունը միջազգային ճգնաժամի ժամանակ էլ էր հայտարարում, որ ճգնաժամը Հայաստան չի հասնի, բայց ոչ միայն հասավ, այելւ ամենամեծ տնտեսական անկումը գրանցվեց:
Ավելին, պատգամավորը կարծիք է հայտնել, որ իշխանությունների վարած քաղաքականությունը ավելի է նպաստում հասարակական ընդվզման առաջացմանը:
«Հայաստանում ես չեմ տեսնում այն քայլերը, որոնք հասարակության մոտ ձեւավորված հակասությունների մեղմացմանը տանեն: Հակառակը, ես տեսնում եմ նոր քայլեր, որոնք ավելի են նպաստում ընդվզմանը, քան մեղմում են իրավիճակը»,–ընդգծել է նա:





























