Եվրանեստում հաջողության հասնելու համար Հայաստանը պետք է կատարի իր կողմից ստանձնած ժողովրդավարական բարեփոխումների պարտավորությունները։ Փետրվարի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց, որ անդամ երկրներին ներկայացվող Եվրանեստի չափանիշները շատ խիստ են, քանի որ եվրոպական գերտերությունները նրանց դիտում են իբրեւ ԵՄ պոտենցիալ թեկնածու անդամների։ «Բայց երբ այդ համատեքստում եվրոպացի պատվիրակների մոտ տալիս ես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անունը, նրանք կորցնում են իրենց եւ չեն իմանում՝ ինչ պատասխանեն»,- նշեց Հովհաննիսյանը։ Նա նաեւ կասկած հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են հետեւել եվրոպական չափանիշներին։
Խոսելով ազգային պատվիրակությունների մասին՝ Հովհաննիսյանը հայտնեց, որ հայկական պատվիրակությունը բաղկացած է 10 պատգամավորներից՝ այդ թվում՝ ընդդիմադիր խմբակցությունների։ Վրացական եւ ադրբեջանական պատվիրակություններում ներկայացված են բացառապես իշխանական պատգամավորներ։
Հովհաննիսյանը հայտնեց, որ ծանոթ է ադրբեջանական խմբակցության ղեկավարի՝ բավական զուսպ մի մարդու հետ։ «Սակայն ադրբեջանական պատվիրակության կազմում կան «հետաքրքիր» կենսագրություն ունեցողները, ինչպես նաեւ Հայաստանից մեկնածներ»,- նկատեց Հովհաննիսյանը։
Պատգամավորը հայտնեց, որ ազգային պատվիրակությունները նստելու են այբբենական կարգով, ինչը բարդացնում է աշխատանքների համակարգումը։
Եվրանեստի պլենարային նիստերը տարեկան մեկ անգամ կանցկացվեն Բրյուսելում կամ անդամ երկրներից որեւէ մեկի մայրաքաղաքում։





























