Երեւանում այսօր՝  փետրվարի 23-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ աջակցությամբ լույս տեսած` «Հայաստանի քաղաքացիական հասարակություն. անցումային փուլից դեպի համախմբում» խորագրով հրատարակությունների շնորհանդեսը:

Վերլուծական զեկույցն ու քաղաքական գործողությունների համառոտագիրը պատրաստվել են «Քաունթերփարթ ինթերնեշնլ» ՀԿ-ի կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ:

Հետազոտությունը դիտարկում է միջավայրը, որում գործում են քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ներգրավվածության ծավալը եւ ներքին կառուցվածքի, ռեսուրսների, հաղորդակցության եւ քաղաքացիական հասարակության տարբեր դերակատարների միջեւ գործակցության ձեւերը, նաեւ դրանց ազդեցությունը:

«Քաղաքացիական հասարակությունը ունի առավելապես կարեւոր դեր ժողովրդավարական կառավարման եւ զարգացման գործում», - ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դեսպան Սերգեյ Կապինոսը. «Հրատարակություններում զետեղված գնահատումը կծառայի որպես կիրառական գործիք պետության եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար` ժողովրդավարության խթանման իրենց շարունակական ջանքերում»:

Քաունթերփարթ ինթերնեշնլի փոխնախագահ, հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Ալեքս Սարդարը  նշել է. «Ուժեղ քաղաքացիական հասարակությունը եւ օրենքի գերակայությունը կայուն զարգացման հիմնասյուներից են: Կարեւոր է բացահայտել հասարակական կազմակերպությունների եւ այլ կամավոր կառույցների մարդկային ներուժը` ձեւավորելու մասնակցային ուժեղ հասարակություն»: