Թոշակավորելու համար փաստաթղթեր ձեւակերպելու համար Սպիտակ քաղաքի հիվանդանոցի պոլիկլինիկայի բժիշկը 30 հազար դրամ է պահանջել ու ստացել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 22-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր, Լոռու մարզային վարչությունների եւ Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲԸ Սպիտակի պոլիկլինիկայի հոգեբուժ-նյարդաբան, 40-ամյա Ֆիլոմինա Մ.-ն Ջրաշեն գյուղի մի բնակչուհուց, հիվանդության պատճառով թոշակավորվելու եւ համապատասխան փաստաթղթեր ձեւակերպելու համար, պահանջել է 30.000 դրամ կաշառք:

Փետրվարի 22-ին, ժամը 13.00-ին, Ֆիլոմինա Մ.-ն իր աշխատասենյակում հիշյալ կնոջից 35.000 դրամ կաշառք վերցնելուց հետո փաստով բռնվել է:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է նաեւ, որ Վանաձորի թիվ 2 հիվանդանոցի ավագ նյարդաբան, 43-ամյա Գայանե Գ.-ն փետրվարի 11-ին, ժամը 11.00-ին, առանց ստացիոնար հետազոտման, բժշկական եզրակացության կազմելու եւ այն տրամադրելու համար Ջրաշեն գյուղի նույն բնակչուհուց ստացել է 20.000 դրամ կաշառք:

Ֆիլոմինա Մ.-ն եւ Գայանե Գ.-ն ձերբակալված են: Կատարվում է քննություն: