«Ես կասկածում եմ, որ իշխանության ներկա կազմով եւ իրականացվող քաղաքականությամբ Հայաստանը կարող է ավարտին հասցնել եվրոպական կառույցների առջեւ ստանձնած ժողովդավարական բարեփոխումները»,- փետրվարի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։

Ընդգծելով, թե եթե ինքը վստահ լիներ, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են, ուզում են եւ ի վիճակի են ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնել, ապա ինքն իշխող կոալիցիայում, եւ ոչ թե ընդդիմությունում կլիներ։ «Ես կասկածում եմ, որ Հայաստանի իշխանությունները ձգտում են, ուզում են գնալ եվրաինտեգրման եւ ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով։ Ճիշտ է, երկրի ղեկավարությունը պարբերաբար հայտարարում է, որ սատարում  է ժողովրդավարական բարեփոխումներին, սակայն բարեփոխումների կոնկրետ ժամկետների եւ հեռանկարների իրականացման մասին դժվար է նշել»,- նկատեց Հովհաննիսյանը։