Բնակչության պետական ռեգիստրում երեխաների գրանցումը կատարվում է ոչ թե առանձին բնակավայրերում, այլ ողջ հանրապետությունում, որի նպատակը Բնակչության պետական ռեգիստրի ամբողջականացումն է: Այս մասին պարազաբանում է ներկայացնում տարածքային կառավարման նախարարությունը:

Նման պարզաբանման պատճառ է հանդիսացել այն, որ բնակչությունն արդարացիորեն դժգոհում է, որ երեխաներին ծննդյան վկայականներ տրամադրելիս նրանք արդեն իսկ հաշվառվում են, եւ կրկնակի հաշվառվելու կարիք չկա:

ՏԿՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ Բնակչության պետական ռեգիստրի գործող համակարգը ներդրվել է 2006թ-ին, իսկ մինչ այդ երեխաները գրանցվում էին ռեգիստրում միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ էր ձեռք բերել  անձնագիր` արտերկիր մեկնելու համար, ուստի մինչեւ 2006թ-ը տվյալների բազան ամբողջական չէ: 2006-ից երեխաներն արդեն հաշվառվում են ռեգիստրում` անկախ նրանից` անձնագիր ունեն, թե ոչ:

«Բացի այդ, վերջին շրջանում տարբեր միջազգային եւ հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում առկա են չգրանցված ծնունդների բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես` պարզվել է նաեւ, որ դպրոց են հաճախում երեխաներ, որոնք որեւէ տեղ հաշվառված չեն: Նման կարգավիճակը հղի է տարբեր վտանգներվ, օրինակ` կարող է հող ստեղծել երեխաների շահագործման համար: Գործընթացի նպատակը նաեւ այդօրինակ դեպքերի բացառումն է: Այդ իսկ պատճառով էլ որոշվեց հաշվառման վերաբերյալ տեղեկանք պահանջելու միջոցով իրականացնել բոլոր երեխաների գրանցումը Բնակչության պետական ռեգիստրում:

Այդ նպատակով ՀՀ կառավարության առաջարկով անցած տարի Ազգային ժողովը փոփոխություն է կատարել ՙՊետական տուրքի մասին՚ ՀՀ օրենքում, ըստ որի մինչեւ 16 տարեկան երեխաների համար տեղականքները ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից տրամադրվում են անվճար»,- նշբվում է հաղորդագրության մեջ: