Հայ դատի հանձնախմբի հրավերով յոթօրյա այցով Կանադայում գտնվող ԼՂՀ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել այդ երկրի քաղաքական եւ կուսակցական շրջանակների ներկայացուցիչների հետ:
ԼՂՀ ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 18-ին եւ 20-ին, Գ.Պետրոսյանը որպես գլխավոր բանախոս ելույթ է ունեցել Տորոնտոյում եւ Մոնրեալում արցախյան շարժման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիպումների ժամանակ: Ելույթի ընթացքում ԱԳ նախարարը շեշտել է Հայաստան-Արցախ-Սփյուռք ազգային ուժերի համատեղման անհրաժեշտությունը` ԼՂՀ հիմնահարցը բարեհաջող ավարտի հասցնելու առաքելության մեջ:
Տորոնտոյում Գեորգի Պետրոսյանը հանդիպում է ունեցել հայ ավանդական կուսակցությունների` ՀՅԴ-ի, ՌԱԿ-ի ու ՍԴՀԿ-ի ներկայացուցիչների, ինչպես նաեւ Հայ դատի հանձնախմբի անդամների հետ: Հանդիպումների ընթացքում նախարարն անդրադարձել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցությունների վերջին զարգացումներին:
Գեորգի Պետրոսյանը հանդիպում է ունեցել նաեւ Կանադայի Պահպանողական կուսակցության անդամ եւ Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբակցության նախագահ Հարոլդ Ալբրեխտի, Ազատական կուսակցության նախկին ղեկավար Ստեֆան Դիոնի, Պահպանողական կուսակցության անդամ Փոլ Գալանտրայի եւ <<Բլոք Քվեբեքուայ>> /Bloc Quebecois/ կուսակցության ղեկավար Ժիլ Դյուսեփի հետ: Կանադայի վերոնշյալ պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ Գ.Պետրոսյանը անդրադարձել է Կովկասյան տարածաշրջանում առկա իրավիճակին` միջազգային ասպարեզում տիրող քաղաքական վերջին իրադարձությունների լույսի ներքո: ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը անդրադարձ է կատարել նաեւ վերջին տարիներին Ադրբեջանի աննախադեպ սպառազինման երեւույթի վրա` շեշտելով, որ դա կարող է բացասական ազդեցություն ունենալ քաղաքական ներկա իրավիճակի վրա եւ ապակայունացնել ամբողջ տարածաշրջանը: Գ.Պետրոսյանը հաստատել է նաեւ, որ վերջին ժամանակներս Ադրբեջանը սաստկացրել է հակահայկական քարոզչությունը, հատկապես` տեղեկատվական ոլորտում:
Հարավային Օնտարիոյի Քեմբրիջ քաղաքի քաղաքապետ Դագ Քրեյգի հետ հանդիպման ժամանակ բարձրացվել է Ստեփանակերտն ու Քեմբրիջը քույր քաղաքներ հռչակելու հնարավորության հարցը:
Քաղաքական հանդիպումների ընթացքում նախարար Պետրոսյանին ուղեկցում էին Կանադայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները:
Փետրվարի 24-ին ԼՂՀ արտաքին գերատեսչության ղեկավարը Կանադայից կմեկնի Միացյալ Նահանգներ:




























