Կոալիցիայի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրված Կարեն Անդրեասյանը դեռեւս չի հանդիպել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության հետ` քննարկելու իր թեկնածության հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նշված խմբակցության քարտուղար, Մարդու իրավունքների առաջին պաշտպան  Լարիսա Ալավերդյանը: Նա նշեց, որ ինքն անձնապես չի ճանաչում Անդրեասյանին, ծանոթ չէ նրա գործունեությանը եւ կդժվարանա որեւէ գնահատական տալ նրան որպես ՄԻՊ թեկնածու:

Նկատենք, որ ըստ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի, ՄԻՊ պաշտոնում կարող է նշանակվել  հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող անձը։ Լարիսա Ալավերդյանն այս կապակցությամբ ասաց. «Ցավոք, օրենքով սահմանված չէ, թե ինչպես պետք է հասարակությունը իր վստահությունը արտահայտի ՄԻՊ թեկնածուի վերաբերյալ: Այդ հանգամանքից օգտվելով իշխանությունն իր ճաշակով եւ չափանիշներով է ղեկավարվում ՄԻՊ թեկնածու առաջադրելիս: Բացի այդ, չկա սովորույթ եւ իրավական պրակտիկա, որը կպարտադրի իշխանություններին ապավինել հասարակության վստահության քվեին նման պատասխանատու պաշտոնում առաջադրելիս»,-նկատեց Ալավերդյանը: Հարցին, թե հաշվի առնելով Հայաստանում առկա իրավիճակը, ապագա ՄԻՊ-ը ի՞նչ չափանիշների պետք է բավարարի, ՀՀ առաջին օմբուդսմենը պատասխանեց. «Նախեւառաջ նա պետք է ունենա քաղաքացիական դիրքորոշում եւ խիզախություն: Նա պետք է օժտված լինի նաեւ ոչ միայն իրաբանական գիտելիքներով, այլ պետք է հասարակական շահը պաշտպանելու մեծ փորձ ունենա եւ հայտնի լինի այդ ոլորտում ծավալած իր գործունեությամբ»:

Նշենք, որ Օմբուդսմենի նշանակումը կայանալու է գաղտնի քվեարկությամբ` առաջիկա քառօրյայի ընթացքում: